25.11.2024
Մեր խնդիրն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, այլ օրիանականություն ապահովելը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Գրիգորյանների էպոպեան. Նազիկը սարքել է Մանվելի գլխին, Կարենի ընտանիքը փախել Սոչի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է․ «ՀՔԾ-ում շարունակում է Մանվել Գրիգորյանի գործի քննությունը: Ամեն ապրանքի համար տասնյակ մարդիկ են հարցաքննվում, ՊՆ բազմաթիվ չինովնիկներ կանչվում։ Օրինակ՝ թիվ 164 դպրոցից ուղարկված օգնության դրվագով հարցաքննվել է ոչ միայն դպրոցի տնօրինությունը, այլեւ օգնությունը նկարահանած, փոխադրումը կազմակերպածները: «Տուշոնկաների» գործով հարցաքննվող ՊՆ պաշտոնյաները վստահ են, որ այս ամենը սարքել է Նազիկը․ «Այն դրվագով, որով ես հարցաքննվել եմ, այդ օգնությունն ուղարկել ենք ապրիլի կեսին։ Այդ ժամանակ ԵԿՄ-ականներ էին մեկնում, բարձել ենք իրենց մեքենան, ուղարկել։ Թե հիմա տարել են Ղարաբաղ, թե հետ բերել Էջմիածին, չգիտեմ: Բայց Մանվելն ապրիլի 4-ից մայիսի 28-ը Ղարաբաղում էր, վստահ եմ՝ նա տեղյակ չի եղել, թե ինչ կա պահեստներում, սաղ կինն է արել․ իր ագահությամբ պատուհաս է դարձել, մարդու գլխին սարքել»:

«Ժամանակ»
թերթը գրում է. ««Մանվել Գրիգորյանի վիճակն օր օրի վատանում է: «Ոչ մի բան չի կատարվում։ Ժամանակ առ ժամանակ բժիշկների հետ ենք շփվում։ Այսինքն՝ հիմնականում առողջական խնդիրներով ենք զբաղված»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Նշենք, որ գեներալ Մանվելի փաստաբանները դիմել էին խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Վերաքննիչ դատարանը ևս մերժել էր փոփոխել Գրիգորյանի խափանման միջոցը։ Փաստաբանը, սակայն, պնդեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ։ «Դա ես չեմ ասում միայն։ Դա կարող է ասել ցանկացած ուղեղ ունեցող բանական մարդ։ Մանվել Գրիգորյանը մի շարք անհամատեղելի հիվանդություններով կալանքի տակ է գտնվում, իսկ մի շարք անձինք, լինելով լիովին առողջ, ազատության մեջ են։ Սա նշանակում է, որ Մանվել Գրիգորյանի հանդեպ կա ոչ արդար մոտեցում, տարբերակված մոտեցում»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ օր օրի Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատանում, կալանավայրում կազմակերպված բուժումները բավարար չեն, և հնարավոր չէ կալանավայրում նրան անհրաժեշտ բուժում տալ»։

«Ժողովուրդ»
օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է: Ավելին` հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Կարեն Գրիգորյանը, որ հրաժարական ներկայացրեց քաղաքապետի պաշտոնից: Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, մարդկանց մեջ դեռ չի մարել ցասումը, եւ ամեն րոպե կա վրեժխնդիր լինելու վտանգը: Ըստ այդմ` մտավախություն կա Գրիգորյանների ընտանիքի մյուս անդամների, հատկապես երեխաների անվտանգության առումով: Սա անգամ այն բանից հետո, երբ ոստիկանությունը Գրիգորյանների տան մոտ շուրջօրյա հսկողություն է սահմանել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավելին` գործարանի տնօրենը նրա եղբայրն էր` Հենրիկ Աբրահամյանը: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե գործարանը դեռեւս 2016-2017 թվականներին արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից վաճառվել է. «Այսօր ընկերության հաշվապահական փորձաքննությունն է տեղի ունենալու: Ընկերությունը, որը շահագործել է գործարանը, նոր է սնանկ ճանաչվել, բայց գործարանը 2016-2017 թթ. է վաճառվել»: Հ.Աբրահամյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո, փաստորեն, իրենց պատկանող բիզնեսը հայտնվել է ծանր պայմաններում»:


 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ կալանավորվել, այնուհետեւ դատապարտվել էր ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով եւ թավշյա հեղափոխությունից հետո միայն ազատ արձակվել, երեկ այցելել է Արցախ, հանդիպել նախագահ Բակո Սահակյանին: Սա ինքնին ուշագրավ իրադարձություն է` հաշվի առնելով Բաբայանի անձը, նաեւ հանգամանքը, որ դեռ մինչեւ վերջերս Արցախում ներքաղաքական կյանքը մի փոքր լարված էր, եւ այդ երկրի նախագահ Բակո Սահակյանը հավաստիացրել էր, որ ինքը 2020 թվականի նախագահական ընտրություններում չի առաջադրի թեկնածությունը: Կարելի է ենթադրել՝ պարոն Բաբայանը որոշակի քաղաքական հետաքրքրություններ ունի, մանավանդ, երբ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նաեւ ներքաղաքական խնդիրներին է անդրադարձ եղել: Երեկ ոմանք հեռուն գնացող հետեւություններ էին անում` տեսակետ հնչեցնելով, թե Սամվել Բաբայանը միգուցե առաջադրվի ԼՂՀ նախագահի թեկնածու: Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ մինչեւ 2020 թվականը շատ ջրեր կարող են հոսել, հետեւաբար նման հեռահար պլաններ գծելը տեղին չէ: Ինչեւէ, Սամվել Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս կապակցությամբ նշել է, թե իր այցը քաղաքական նպատակ չի հետապնդում, եւ եկել է Արցախ, քանի որ վաղուց չէր եղել այնտեղ: Ամեն դեպքում Բաբայանը չի թաքցրել, որ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը նաեւ քաղաքական հարցեր են քննարկել, սակայն դա այցի հետ կապ չունի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք անդամներ հայտարարություններ են հրապարակում, որ իրենց անհրաժեշտ են սկսնակ իրավաբաններ, կարելի է նաև՝ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչի համար են իրավաբաններ ընդունում աշխատանքի: Մեր աղբյուրները հայտնեցին, որ ՔՊ–ն ստեղծում է խորհրդատվական կենտրոն, որը քաղաքացիներին իրավաբանական անվճար խորհրդատվություն է մատուցելու: Եթե հաշվի առնենք, որ առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, իսկ նախորդ ընտրություններին որոշ կուսակցություններ պարբերաբար նման խորհրդատվություններ մատուցել են, ինչն, ի դեպ, նույն ՔՊ–ականների կողմից որակվել է որպես ընտրակաշառք, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ևս այդ ճանապարհով է գնում: Մեր զրուցակիցը նաև նշեց, որ նորաթուխ իրավաբաններին վճարվելու է մոտ 100.000 դրամ աշխատավարձ: Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավաբանական խորհրդատվական կենտրոնի ձևավորման աշխատանքները համակարգում է մասնագիտությամբ լրագրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, ով փափագում է դառնալ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար»: