Քաղաքագետ, ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Սուեն Սարսգայնը ներկայացրել է Bell 412 ուղղաթիռների վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական պատասխանը:
«Bell 412 ուղղաթիռները սերտիֆիկացված են՝ որպես քաղաքացիական։ Որպես այդպիսին, Պետդեպի կողմից դրա արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար», - ասված է ԱՄՆ պաշտոնական պատասխանի մեջ, որը նա թարգմանաբար ներկայացրել է իր Facebook-ի էջում: Նա շնորհակալություն է հայտնում պաշտոնական պատասխանի համար եւ նշում, որ փաստորեն այս ուղղաթիռները ձեռք են բերվել որպես քաղաքացիական, հետո նոր ռազմականացվել են։ «Պետք է հասկանալ ում կողմից», - հարց է ուղղում փորձագետը։
Նա այլեւս անհերքելի է համարում այն, որ Ադրբեջանն ունի ամերիկյան արտադրութան Bell 412 ուղղաթիռներ:
«Անհերքելի է, որ դրանք ռազմականացված են, նույնիսկ, եթե արտադրվել են որպես քաղաքացիական: Անհերքելի է, որ դրանք ադրբեջանական զինված ուժերի հաշվեկշռում են: Մնում է պարզել, թե ինչպե՞ս են դրանք հայտնվել Բաքվում», - ասված է Սարգսյանի գրառման մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանը ցուցադրել էր ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռները: Սակայն ԱՄՆ-ն անմիջականորեն չի կարող զենք վաճառել հակամարտող կողմերին, քանի որ գոյություն ունի Ազատության աջակցության ակտի 907 բանաձեւը, որով արգելվում է հակամարտության կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերել:
Այնուամենայնիվ, ամերիկյան տեխնոլոգիաներով արտադրված զենքերը հայտնվում են Ադրբեջանում այլ ուղիներով, որոնցից, թերեւս երկուսը կարելի է նշել՝ Իսրայել եւ Թուրքիա: ԱՄՆ-ն այդ տեխնոլոգիաները փոխանցում է Իսրայելին, իսկ նրանք Ադրբեջանի հետ մեծ ծավալի զենքի գործարքներ են իրականացնում, նշում են ռազմական փորձագետները:
Խնդրի վերաբերյալ ավելի վաղ ԱՀ փոխխոսնակ Արփինե Հովվհաննսիյանը նամակով դիմել էր ԱՄՆ կոնգրեսական Թուլսի Գեբարդին:
«Հարգելի գործընկերներ, քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, (ով նախկին զինվորական է) հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ այս հարցի հանրային դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները:
Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն», - հայտնել էր Հովհաննիսյանը:
Հատկանշական է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանն անմիջականորեն է զենք վաճառում Հայաստանին ու Ադրբեջանին, ապա ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, արցախյան հակամարտության մասով ունի դիրքորոշման երկու երես:
Առաջինը պաշտոնականն է, որ Վաշինգտոնը զենք չի մատակարարում հակամարտող կողմերին: Երկրորդը ոչ պաշտոնականն է, որ ամերիկյան արտադրության ռազմական տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, հայտնվում են Ադրբեջանում: Դատելով այն հանգամանքից, թե ինչ խստությամբ է ԱՄՆ-ն վերահսկում սեփական արտադրության՝ անգամ մի քանի սերունդ հին ռազմական տեխնոլոգիաների տեղաշարժը շուկայում, դժվար է պատկերացնել, որ ամերիկյան ռազմական տեխնոլոգիաներն առանց Վաշինգտոնի լուռ համաձայնության Իսրայելի կամ Թուրքիայի միջոցով հայտնվեն Ադրբեջանում:
Հայաստանի ժամանակակից քաղաքական բառապաշարով ասած՝ Իսրայելն ու Թուրքիան «դուխ» չեն անի առանց ԱՄՆ-ի համաձայնության նման հանդուգն քայլի դիմել: Ամերիկյան ուղղաթիռների հայտնվելը Բաքվում, Ռուսաստանյան ռազմական եւ քաղաքական վերլուծության ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով՝ ապացուցում է մեկ պարզ իրողություն, այն է՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն իրեն որեւէ պարտավորությամբ չի կաշկանդի եւ կանի այն, ինչն իսկապես Վաշինգտոնի շահերից է բխում: «Իրականում դժվար է ասել, թե ինչ նշանակություն կարող են ունենալ այդ ուղղաթիռները, բայց որ ԱՄՆ-ն իրեն որեւէ պարտավորությամբ չի կաշկանդի, սա պարզ է»,- ընդգծում է նա:
Փորձագետները նաեւ վստահ են, որ այժմ բավականին արդյունավետ են աշխատում ԱՄՆ-ում Ադրբեջանի վարձած լոբբիստները: Թերեւս, սրա ցուցիչներից մեկն այն է, որ Թրամփը մայիս-հունիս ամիսների ընթացքում 4 անգամ տարբեր առիթներով շնորհավորեց Իլհամ Ալիեւին՝ սկսած Անկախության տոնից, Ռամազանից մինչեւ գազի եւ նավթի ցուցահանդես:
Այս ուղղությամբ մեծ աշխատանք ունեն անելու նաեւ հայկական լոբբիստական կառույցները, որոնք մինչեւ օրս ավելի շատ կենտրոնացած են Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի վրա:
Բաքվում կայացած զորահանդես ժամանակ ցուցադրվեց Ադրբեջանի զինանոցը: Սա Ադրբեջանի համար լուրջ քարոզչական ու հոգեբանական նշանակություն ուներ հատկապես Հայաստանում իսկանդեր համակարգերի հայտնվելուց հետո: Ուստի, Բաքուն ցուցադրեց է այն, ինչ ունի իր զինանոցում՝ բելառուսական «Պոլոնեզ» եւ իսրայելական LORA հրթիռային համալիրները, ինչպես նաեւ ամերիկյան Bell 412 ուղղաթիռներ ու թուրքական արտադրության ԱԹՍ-ներ: Թե որքանով են զուտ տակտիկական ու ստրատեգիական առումով տարբեր երկրների արտադրության հրթիռային համալիրները միմյանց հետ համադրելի եւ որքանով արդյունավետ կաշխատեն ռազմական գործողությունների թատերաբեմում, դժվար է ասել, բայց որ մեծ քարոզչական արդյունք ապահովեց՝ հայտնվելով Բաքվի կենտրոնական փողոցներում, կասկածից վեր է:
Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը վստահ է, որ Բաքվին ռազմական նշանակության գնումները ոչ միայն եւ ոչ այնքան քարոզչական արդյունքի ապահովման նպատակով են արվում: «Ադրբեջանը պատրաստվում է արցախյան ուղղությամբ հարձակողական ռազմական գործողությունների եւ սա նորություն չէ: Դժվար է պատկերացնել, որ հսկայական ռազմական ծախսերն արվում են զուտ թատերական ներկայացումների համար»,- նշում է փորձագետն ու հավելում, որ ձեռք բերվող սպառազինության տեսակները եւս դրա մասին են խոսում:
ԼՂ հակամարտության կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են, նշում է մեր զրուցակիցն ու հավելում, որ Բաքուն չի հաշտվել «20 տոկոս տարածքի կորստի հետ»:
Այնուամենայնիվ, նա չկարողացավ հստակ գնահատել՝ արդյո՞ք ուժերի հարաբերակցությունը ԼՂ հակամարտության գորտում խախտված է: «Սա դժվար է գնահատել: Այն չի գնահատվում զուտ սպառազինության տեսակների ձեռք բերմամբ: Այստեղ շատ այլ գործոններ կան: Եթե միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ծավալները հաշվի առնենք, ապա, իհարկե, կշեռքի նժարը կթեքվի դեպի Ադրբեջանի կողմը, անգամ եթե Հայաստանում տեղակայված են «Իսկանդեր» համակարգերը»,- նշում է Խրամչիխինը: Սակայն, նրա գնահատմամբ, դժվար է ասել՝ արդյո՞ք սա բավարար է՝ տեւական հարձակողական պատերազմ վարելու համար:
Նրա խոսքով, ռազմական հավասարակշռության պահպանման եւս մեկ գործոն կա տարածաշրջանում, որի անունը Ռուսաստան է: «Այժմ հաշվի առնելով, որ կողմերը պատրաստ չեն խաղաղ կարգավորման, Ռուսաստանի, ինչպես նաեւ Հայաստանի շահերից է բխում ստատուս-քվոյի պահպանումը, թույլ չտալ պատերազմ, պահել հավասարակշռությունը՝ զենք ու զինատեսակներ վաճառելով կոնֆլիկտի կողմերին»,- նշում է փորձագետը:
Նա անդրադարձավ նաեւ վերջերս ակտիվորեն շրջանառվող լուրերին առ այն, որ Հայաստանը պատրաստվում է ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչներ ձեռք բերել: Ի դեպ, դրանցից մեկի մեջ Էրեբունի ավիաբազայում լուսանկարվել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրառելով «աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում եմ»: Նույն սոցիալական ցանցում կիսվելով վարչապետի գրառմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. «Լավ կլինի, որ մնան Հայաստանում»:
«Այդ կործանիչները լայնորեն կիրառվում են Սիրիայում: Դրանք շատ արդյունավետ կարելի է կիրառել ամենատարբեր ռազմական թատերաբեմերում: Եթե դրանք հայտնվեն Հայաստանում, ապա իսկապես լրջորեն կփոխեն ուժերի հավասարակշռությունը՝ հօգուտ հայկական կողմի, եթե անգամ դրանցից ՀՀ-ում լինի միայն տասը կամ տասներկու հատ»,- վստահ է մեր զրուցակիցը: Թեպետ տվյալ կործանիչները խոցելի են Ադրբեջանում եւ Հայաստանում տեղակայված ռուսական Ս-300 ՀՕՊ համակարգերի համար, սակայն Խրամչիխինը կարեւորում է դրանց հնարավոր ձեռք բերումը:
«Գիտեք՝ ՀՕՊ համակարգերի համար անխոցելի ռազմական ինքնաթիռներ չեն լինում գրեթե: Հարցն այն է, թե որքանով են խոցելի եւ ինչ համակարգերի համար: Այո, Ս-300 ՀՕՊ համակարգերը կարող են խոցել գրեթե ցանկացած ռազմական ինքնաթիռ, սակայն մյուս կողմից, Սու-30 կործանիչները կարող են հաղթահարել ցանկացած ՀՕՊ համակարգ: Սա կախված է շատ գործոններից»,- ասաց նա ու հավելեց, որ հայկական կողմը շատ վաղուց պետք է ձեռք բերեր Սու-30-ի նման կործանիչներ: «Հայաստանը պատերազմող պետություն է եւ գործում է առանց կործանիչ ավիացիայի: Սա տարօրինակ է»,- եզրափակեց նա:
Արշալույս Մղդեսյան