Թուրքիայում կայացած ընտրություններն անարդար են եղել. ԵԱՀԿ
Թուրքիայում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններն անարդար են եղել, կարծում է ԵԱՀԿ-ն։ Տեղեկատվությունը տարածել է Deutsche Welle-ն։
Նախընտրական քարոզչության ընթացքում ընդդիմությունը եղել է ոչ բարենպաստ վիճակում, այն դեպքում, երբ կառավարական քաղաքական միավորումներին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և Ազգայնական շարժմանը, տրվել են անհավասար առավելություններ, ասված է ԵԱՀԿ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունիսի 25-ին՝ դիտորդների հայտարարությունների հիման վրա։
Անհավասար պայմաններ նախընտրական քարոզարշավը լուսաբանելիս եղել են նաև ԶԼՄ-ներում։
Այդուհանդերձ, ԵԱՀԿ դիտորդները կարծում են, որ քվեարկության օրը կաննոները պահվել են՝ մի քանի բացառություններով։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում 52.5 տոկոս ձայներով հաղթել էր գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա մրցակից Մուհարրեմ Ինջեի օգտին ձայն էր տվել ընտրողների 31.5 տոկոսը։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, պառլամենտում պատգամավորական մանդատների մեծ մասը բաժին էր հասել «Ժողովրդական դաշինք»-ին, որը հավաքել էր ընտրողների ձայների 53.6 տոկոսը։