25.11.2024
Երիտասարդ ընտանիքների համար բնակարանների գնման վարկային տոկոսները կնվազեն մինչև 7 տոկոս
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞վ է «փուռը տվել» Վաչագան Ղազարյանին` Սերժի Վաչոյին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հանրությունը տեղեկացավ ԱԱԾ կողմից կատարված հերթական ձերբակալության մասին: Ապօրինի հարստացման և պետական պաշտոնյաների հայտարարագրերի մասին օրենսդրությունը խախտելու, կեղծ տվյալներ ներկայացնելու համար բերման ենթարկվեց նախկինում Սերժ Սարգսյանի վարորդապետ, այնուհետև թիկնազորի պետ հանրահայտ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն: «Ժամանակ»-ի տեղեկություններով` Սերժի Վաչոյի ձերբակալությունը պատահական չէ, դրա մեջ իր «ներդրումն» է ունեցել «Արդշինբանկի» վարչության նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի քվոտայով փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ` հենց նա է իրավապահներին ուղղորդել զբաղվել կարճ ժամանակում վարորդից գեներալ-մայոր դարձած Վաչագան Ղազարյանով: Մհեր Գրիգորյանը լավատեղյակ է, թե ինչ հսկայական կարողություն ունի Ղազարյանը, որի մի մասն էլ պահել է իր ղեկավարած բանկում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցին՝ կառավարությունն արդեն հատկացրե՞լ է առանձնատուն Սերժ Սարգսյանին, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց․ «Դեռ՝ ոչ․ համապատասխան մարմնին տրվել է հանձնարարություն՝ գտնել նախորդ 2 նախագահներին հատկացված տների չափորոշիչներին համապատասխանող տուն, որը կհատկացվի 3-րդ նախագահին»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը դեռ հարևաննե՞ր են։ «Սերժ Սարգսյանը՝ այո, դեռ ապրում է ամառանոցային տարածքում, իսկ այն բավականին մեծ տարածք է ընդգրկում»։ Հանդիպե՞լ են միմյանց։ «Տեղեկություն չունեմ»։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արտաքին կապերով խորհրդական Արսեն Խառատյանի օրերս արած հայտարարությանը, թե հնարավոր է նաև մի օր ղարաբաղյան հարցով բանագնաց դառնա Սերժ Սարգսյանը, Եղոյանն ասաց, որ Խառատյանը վարչապետի խորհրդականն է, կարող է տարբեր հարցերի շուրջ տարբեր խորհուրդներ տալ, պրն Փաշինյանը համադրում է բոլոր խորհուրդները, կայացնում որոշում․ «Կոնկրետ դեպքում վարչապետի համար այդ տարբերակն ընդունելի չէ»»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապագայի շուրջ տեսլականն արդեն որոշակի է դառնում: Նրա հրաժարականի դիմումն արդեն գրված է, վերջինս էլ մի քանի օր է՝ աշխատանքի չի գնում: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ այժմ անորոշ իրավիճակ է քաղաքապետարանում, հատկապես նրա հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող պաշտոնյաների շրջապատում, որոնք եւս չգիտեն իրենց ապագան: Սակայն ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի ապագան կանխորոշված է: Ակնհայտ է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը խորհրդարանական ընտրություններն են, սակայն միաժամանակ չեն թողնի, որ մինչ այդ հենց Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ: Դրա լուծման բանալին ժամանակավոր քաղաքապետ ունենալու մեջ է: Ըստ այդմ՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիս»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները: Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո ավագանու նիստերը երեք անգամ չեն կայանա, որից հետո այն, ՏԻՄ մասին օրենքի համաձայն, ինքնաբերաբար կլուծարվի, եւ կգնան արտահերթ ընտրությունների: Արդեն դրանից հետո քաղաքապետի պաշտոնում երկու անձի անուն է քննարկվում՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան: Ավելի հավանականը թերեւս Միրզոյանի տարբերակն է, եթե հաշվի առնենք, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը հակասահմանադրական են համարում նաեւ «Ելք»-ում եւ առաջիկայում փոփոխություններով դա վերանալու է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքապետերի հրաժարականների շքերթը շարունակվում է, և այն անկասելի է: Արմավիրին, Էջմիածնին, Հրազդանին և մյուս քաղաքներին առաջիկայում կմիանան նորերը: Քաղաքապետերի և գյուղապետերի հրաժարականների պահանջով բողոքի ցույցեր են ընթանում Հայաստանի տարբեր համայնքներում, և չնայած դրանց հետևում արտաքուստ չի երևում նոր իշխանության հետքը, բայց բոլոր քաղաքապետերը հրաժարական են տալիս կարծես թե վերևից իջեցված հրահանգով: Նրանք հասկանում կամ նրանց հասկացնում են, որ դիմադրելու դեպքում կարող են գործ ունենալ ոչ թե իրենց համաքաղաքացիների բողոքի հետ, որը կարելի է արհամարհել, այլ իրավապահ մարմինների հետ: Կասկած չկա, որ առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին խոշոր համայնքների ղեկավարները հրաժարականի դիմումներ կներկայացնեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ուժային կառույցներն այժմ ուսումնասիրում են նախկին պաշտոնյաների ստացած ամսական դրամական փոխանցումները, որոնք տրվել են որպես հավելավճար։ Ըստ լուրերի՝ որոշ պաշտոնյաների դեպքում դրանք հասել են ամսական մինչև 15 հազար դոլարի։ Մեխանիզմը գործել է այսպես՝ պաշտոնյայի բանկային քարտին ամեն ամիս x գումար փոխանցելով։ Այժմ աշխատանք է տարվում՝ պարզելու այդ գումարների աղբյուրները, խոսքն ամսական մի քանի միլիոն դոլարի մասին է։ Այնպես որ՝ ԱԱԾ-ն թեժ ամառ է խոստանում, չենք ձանձրանա»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը` հայտարարելով, որ այդ գործի առնչությամբ երկու կարեւոր տեսաերիզներ կան, որոնք հավանաբար պահպանվում են վերջերս ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ: «Հիշում եք՝ 1-2 տարի այդ տեսաերիզների մասին անընդհատ խոսվում էր, եւ խնդիրը գնում է 2 տեսաերիզի մասին։ Դրանցից մեկը վերաբերում է նախկին հեռուստապետկոմի Ալեքսան Հարությունյանի՝ ՊՆ-ում եղած ժամանակ կիսասթափ վիճակում արված հայտարարություններին, որի տեսաերիզը վստահ եմ` Մանվել Գրիգորյանն ունի, քանի որ այդ ժամանակ ինքն էր հիմնականում ամեն ինչի պատասխանատուն, եւ հենց իր հրահանգով է այդ տեսանյութն արվել։ Ես էլ եմ հարցնում՝ արդյոք գտաք, թե ոչ, այդ տեսաերիզը կա, թե ոչ եւ եթե կա, ապա որպես տուժողի իրավահաջորդ ես էլ կցանկանայի այդ տեսաերիզը տեսնել։ Կա նաեւ երկրորդ տեսաերիզի մասին տեղեկությունը, որը գերկարեւոր է։ Այդ տեսաերիզը կարող է բացել փակված կծիկը. դա Ռոբերտ Քոչարյանի եւ գլխավոր ոճրագործի հանդիպումն է։ Ասել, որ նման տեսագրություն չկա, մեյմունություն է, որովհետեւ այդտեղ է եղել ռազմական ոստիկանությունը, հեռուստապետկոմը։ Ընդ որում` ինձ տեղեկություն է հասել, որ տեսաերիզը ոչ թե երկու, այլ երեք օրինակ է։ Այդ տեսաերիզում այդ հանդիպման ժամանակ եղել է ուղիղ խոսակցություն, եւ ոճրագործն իր ձեռքին ուներ թուղթ, որով պետք է իրեն վարչապետ նշանակեին։ Ամենայն հավանականությամբ հենց այդտեղ է գնացել խոսակցությունը՝ արել եմ, նշանակի»,- ասել է Արամ Սարգսյանը: Միաժամանակ, նա նշել է, թե հոկտեմբերի 27-ի հետ կապված գաղտնիքների բացահայտման ժամանակը հեղափոխության շրջանը չէ։ Բայց եւ նա հույս ունի, որ բազմաթիվ գործընթացներ կան թավշյա հեղափոխությունից, որոնք կարող են հոկտեմբերի 27-ի բացահայտման նոր հանգամանքեր հանդիսանալ, որից ելնելով՝ գործը վերաբացվի»։


«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 4–ին հանրապետության նախագահի ռեֆերենտ նշանակված Լիա Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Խաչատրյանը հայտարարագրել է մեկ բնակարան և «FORD FOCUS 1.6» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 38 միլիոն 34 հազար դրամ: Բանկային հաշիվներին առկա է եղել 1 միլիոն 800 հազար դրամ, իսկ եկամուտներ չի ունեցել: Խաչատրյանի ամուսնու՝ Էդգար Մալխասյանի՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 38 միլիոն 34 հազար դրամով բնակարան է ձեռք բերել: Սա հենց այն գումարն է, որը պաշտոնյայի հայտարարագրում ներկայացված է որպես փոխառություն: Ամենայն հավանականությամբ, բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով: Մալխասյանը հայտարարագրել է նաև 980 հազար դրամ ու 3200 դոլար դրամական միջոցներ և 2 միլիոն 556 հազար դրամ եկամուտ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն բացահայտումները հասել են Սերժ Սարգսյանի հարազատներին: Նախօրեին ոստիկանությունը բերման ենթարկեց նրա եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին։ Ճիշտ է, ժամեր անց ազատեց` զենք չհայտնաբերելով, սակայն կարեւորը փաստն է: Երեկ մեզ տեղեկություն հասավ, որ այժմ լուրջ ստուգումներ են իրականացվում Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ստուգում են շատ մանրամասն եւ արդեն որոշ «չեպեներ» են գտել՝ կապված պետպատվերի հետ: Արա Մինասյանը հաստատեց ստուգումների մասին մեր տեղեկությունը․ «Առողջապահության նախարարությունն է ստուգում, նորմալ, սկզբունքային ստուգում են, սովորական թերություններ են, առայժմ լուրջ բան չկա, հենց պետպատվերն են ստուգում»:


«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սեբաստիայի փողոցի «Երեւան սիթի» սուպերմարկետի հարեւանությամբ գտնվող փռում, որը եւս կապվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, արդեն 4 տարի է, ինչ անվճար լավաշ են բաժանում: Ընդ որում՝ բարեգործական ակցիայից կարող են օգտվել միայն նշված համայնքի բնակիչները՝ օրական մեկ անգամ: Ու թեպետ այս տարիներին արտադրամասի մոտ գոյացող հերթերը բազմամարդ էին, պարզվում է՝ վերջին քաղաքական փոփոխություններից հետո՝ տեղի բնակիչները սկսել են լավաշ այլեւս չվերցնել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանափոխության առաջին օրերին ընդհանրապես մարդիկ ռիսկ չէին անում հացի հերթ կանգնել: Իսկ հիմա, չնայած հատուկենտ մարդիկ գնում են իրենց հասանելիք լավաշը ստանալու, բայց այլեւս երբեմնի բազմամարդ հերթերը չկան: Նախկինում հերթի մեջ իրար բրթբրթող, այսօր բացակայողներին մի մասը համարում է հպարտ քաղաքացիներ, մյուս մասը՝ ուտող-ուրացողներ»: