Քնեսեթը չքննարկեց Հայոց ցեղասպանության նախագիծը. Իսրայել-Թուրքիա «գաղտնի սիրախաղի» պտուղը
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը դարձյալ հանվել է Իսրայելի խորհրդարանի օրակարգից: Այս մասին գրում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ նրա, կանխատեսելի էր, որ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում Էրդողանի և նրա գլխավորած դաշինքի արձանագրած հաղթանակից հետո Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հունիսի 25-ին նախանշված քննարկումը քվեարկության նախօրեին՝ ուշ երեկոյան, օրակարգից կհանվի: Պատճառն, ըստ Պետրոսյանի, այն է, որ իշխող կոալիցիան հրաժարվել է աջակցել նախագծին, իսկ փաստաթուղթը հեղինակած ընդդիմադիր «Մերեց» կուսակցության ղեկավար Թամար Զանդբերգը հետ է կանչել այն:
«Ի պատասխան «Մերեց» կուսակցության՝ իշխող կոալիցիան հայտարարել է, որ առաջիկայում կներկայացնի խնդրի վերաբերյալ սեփական «այլընտրանքային» օրինագիծը, որում, ըստ որոշ տեղեկությունների, Հայոց մեծ Եղեռնը կբնութագրվի «ողբերգություն» եզրով, ի տարբերություն նախօրդ օրինագծերում կիրառված «ցեղասպանություն» եզրի: Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ ավելի վաղ՝ դեռևս հունիսի 11-ին, Քնեսեթում «Մերեց» կուսակցության կողմից ներկայացված օրինագծի քննարկումը Իսրայելի ԱԳՆ-ի խնդրանքով հետաձգվել էր՝ Թուրքիայում անցկացվելիք ընտրություններին «Էրդողանի հաղթանակին չաջակցելու» հիմնավորմամբ, մինչդեռ իրական պատճառը, որը տրամագծորեն հակառակ նպատակն էր հետապնդում, դարձյալ «ջրի երես» դուրս եկավ»,- գրել է նա Արմեն Պետրոսյանը:
Նա նաև հավելում է, որ կասկածից վեր է՝ տարածաշրջանում կանխատեսվող հույժ կարևոր զարգացումների ֆոնին Իսրայել-Թուրքիա «գաղտնի սիրախաղը» կշարունակվի նոր թափով ու դրսևորումներով: