Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն հանդես է եկել հայտարարությամբ։
Էրդողանի գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեն հայտարարել է, որ ընդունում է, որ ընտրություններում հաղթել է Էրդողանը։ Նշենք, որ նախնական տվյալներով Էրդողանը 53 տոկոսով ընտրվել է նախագահ, իսկ Մուհարեմ Ինջեն հավաքել է 31 տոկոս։
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, «Ազգային շարժում» կուսակցությունը, «Ժողովրդական շարժում» կուսակցությունը, Ժողովրդահանրապետական կուսակցությունը, «Լավ կուսակցությունը» եւ «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը հաղթահարել են խորհրդարան անցնելու 10-տոկոսանոց շեմը:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն բողոքարկումների քննումից հետո տասը օրվա ընթացքում: Կիրակի օրը նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններում քվեաթերթիկների վրա նշված էին Էրդողանի (իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից), Մուհարեմ Ինջեի (հիմնական ընդդիմադիր Ժողովրդական-Հանրապետական կուսակցությունից), Սելահաթին Դեմիրթաշի (Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցությունից), Մերալ Աքշեները (Լավ կուսակցությունից), Թեմել Քարամոլաօգլուի (Երջանկության կուսակցությունից) եւ Դողու Փերինչեքի («Հայրենիք» կուսակցությունից) անունները:
Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթում է 52.5 տոկոս արդյունքով: Ըստ քվեաթերթիկների 98 տոկոսի մշակման՝ նրա հիմնական հակառակորդ Ինջեն հավաքել է ձայների 30.7 տոկոսը, Դեմիրթաշը՝ 8.4 տոկոսը, Աքշեները՝ 7.3 տոկոսը, Կարամոլաօգլուն՝ 0.9 տոկոսը, Փերինչեկ՝ 0,2 տոկոսը:
Խորհրդարանական ընտրություններում հաղթում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը քվեաթերթիկների 98 տոկոսի մշակման արդյունքում հավաքում է ձայների 42.4 տոկոսը, «Ազգային շարժում» ազգայնական կուսակցությունը ստանում է ձայների 11.1 տոկոսը: Այդպես, դրանք համախմբող Ժողովրդական դաշինքը ստանում է խորհրդարանում տեղերի մեծամասնությունը: Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը ստանում է ձայների 22.7 տոկոսը, Բարի կուսակցություն՝ 10.0 տոկոսը, Երջանկության կուսակցությունը` 1.4 տոկոսը, դրանք միավորող Ազգային դաշինքը՝ 34.1 տոկոսը: Խորհրդարան է անցնում նաեւ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարության կուսակցությունը` ձայների 11.5 տոկոսով: