24.11.2024
Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, տեղափոխել են ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Մամուլ. 200 կգ ոսկու ձուլակտորների առեղծվածը. Մանվել Գրիգորյանինը` 50 կգ, բա՞ մնացածը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին: Խոսքը մոտ 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին: Հայ պաշտոնյաները ոսկին դիտարկել են խնայողությունների և հարստության կուտակման ու պահպանման առավել հուսալի միջոց՝ երբեք չմտածելով, որ այն մի օր կարող է դառնալ հանրային սեփականություն»: 


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հուլիսի 11-12-ին Բրյուսելում տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին: Փաշինյանի մասնակցությունը այդ միջոցառմանը կարեւոր է այնքանով, որ Հայաստանը չնայած ՀԱՊԿ անդամ երկիր է, բայց ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես գործընկեր կազմակերպություն եւ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում հուսալի դաշնակից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես բեսպրեդել է: Այնտեղ մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (ԴոնՊիպո) եւ Մանվել Գրիգորյանը կալանավորված են, այսինքն` չեզոքացված: Սա էլ նշանակում է, որ այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաեւ նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները, եւ այդ պատճառով էլ քաղաքում նոր «մանվելներ» եւ «պիպոներ» են ծնվում, արդեն իրենց սեփական կլանը ստեղծում, հարցեր լուծում»: Իրավիճակն ավելի է լրջացել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո, երբ այլեւս չկա նաեւ տեղական իշխանությունը, որ կարող է միջամտել: Հիմա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նոր կլան դառնալու հավակնություն են ներկայացնում Սանկտ-Պետերբուրգից վերջերս եկած անձինք, որոնք իրենց մերձավորների միջոցով փորձում են արգելել Մանվել Գրիգորյանի եւ Արթուր Ասատրյանի ընտանիքին պատկանող բիզնեսների գործունեությունը: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած էջմիածինցիները, եթե պետությունը, նոր կառավարությունն իրավիճակն իր ձեռքը չվերցնի ու չկանխի նոր կլանի ստեղծումը, Էջմիածնում ավելի վատ բարքեր կտիրեն, քան առաջ էին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում գործունեություն ծավալած ՀՀ նախկին պաշտոնյաների մասով սերտ համագործակցություն կա ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ FBI և Հայաստանի իրավապահ մարմինների միջև: Այդ համագործակցության շրջանակում տասնյակ գործեր են մշակվում, այդ թվում՝ Հայաստանից փողերի ապօրինի դուրսբերման և դրանք օֆշորներում մաքրելու փորձերի վերաբերյալ: Առաջիկայում այդ գործերով սպասվում են աղմկահարույց բացահայտումներ և ձերբակալություններ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, դիմում է գրել եւ անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ուշագրավ է, որ 2017-ին, երբ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրն» ուներ Հայկ Մարությանի եւ այլ հայտնի անձանց կարիքը՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու ժամանակ ներկայանալի ցանկով հանդես գալու համար, մեր տեղեկություններով, նա հրաժարվել է ընդգրկվել «Ելքի» ցուցակում: Պատճառաբանել է իր ապաքաղաքական կեցվածքով եւ զբաղվածությամբ։ Մեկ տարի անց, փաստորեն, իրողություններ են փոխվել, եւ նա որոշել է քաղաքական գործունեությամբ զբաղվել՝ անդամագրվելով իշխանական կուսակցությանը»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկվանից ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել Մանվել Գրիգորյանի եւ որդու՝ Կարեն Գրիգորյանի առանձնատների մոտ: Բանն այն է, որ Էջմիածնում կան մարդիկ, որոնք ուզում են վրեժխնդիր լինել, քարեր են նետել նրանց տների ուղղությամբ, վախեցրել երեխաներին: Ի դեպ, որոշ տեղեկություններով, գեներալի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում՝ որդիների եւ կնոջ միջեւ։ Որդիները Նազիկին մեղադրել են, որ իր պատճառով է հայրն այսօր հայտնվել նման վիճակում: Երեկ տեղեկացանք նաեւ, որ Մանվել Գրիգորյանին պատկանող Էջմիածին-Երեւան տաքսիների գծի վարորդներն անհնազանդություն են դրսեւորել եւ գիծը նայողներին ասել են, որ իրենք այլեւս ազատ քաղաքացիներ են ու չեն պատրաստվում գծի փող տալ: Բայց ընտանիքին պատկանող Զվարթնոցի գազալցակայանը երեկ վերսկսել է աշխատանքը»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տվյալներով, օրերս ծանր խոսակցություն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջև: Հիմնական թեման եղել է դաշինքի հետագայի, ինչպես նաև արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափի հարցերը: Մարուքյանն ու Սարգսյանը, մասնավորաբար, նշել են, որ Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին՝ թե՛ «Լուսավոր Հայաստանին», թե՛ «Հանրապետություն» կուսակցությանը: Նրանք վարչապետին զգուշացրել են, որ վերջնարդյունքում կարող է մենակ մնալ (եթե, իհարկե, հենց դա չէ նրա ցանկությունը), իսկ այդ պարագայում որքան էլ հասարակության որոշակի զանգվածի աջակցությունը լինի, միայն ՔՊ–ով իշխանություն ձևավորել արտահերթ ընտրություններից հետո հազիվ թե հաջողվի: «Փաստի» աղբյուրների համաձայն, եռյակը կոմպրոմիսի է եկել մի շարք հարցերի շուրջ: Որպես առաջին քայլ, վարչապետը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Հետագայի համար պայմանավորվել են կարևորագույն նշանակության հարցերի շուրջ որոշումներից առաջ խորհրդակցել գործընկեր ուժերի հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր չի լինի կազմակերպել, որովհետև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները բավական շատ են: Երեկ տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների երեքական ներկայացուցիչներ հավաքվել էին, որպեսզի քննարկեն փոփոխությունները, բայց քննարկում, որպես այդպիսին, չի կայացել, քանի որ հավաքվածները չեն իմացել, թե ինչ են քննարկելու: Միակ որոշումը, որ կայացվել է, վերաբերել է աշխատանքային խմբի հաջորդ նիստի օրվան, այն կանցկացվի հուլիսի 4-ին, քանի որ հաջորդ շաբաթ գումարվելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, և բոլոր խմբակցություններից առնվազն մեկական ներկայացուցիչ լինելու է Ստրասբուրգում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵԿՄ գրասենյակում հավաքի ժամանակ բախվել են ԵԿՄ Նոյեմբերյանի տարածքային կառույցի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանը՝ Նոյեմբերյանցի Մուրոն, և պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Մելքոնյանը, ով վաղուց հեռացել է ԵԿՄ-ից, Ազատամարտիկների դաշինքի անդամ է, բայց ԵԿՄ նախագահ դառնալու հավակնություններ ունի, ինչը դուր չի եկել Ասլանյանին։ Նա Մելքոնյանին ասել է, որ նա նույնիսկ ԵԿՄ-ական չէ՝ «միլիցիա» է, իրենից ի՞նչ նախագահ: Թեժ վեճ է ծավալվել, բանը ձեռնամարտի չի հասել միայն ընկերների միջամտության շնորհիվ: Նիստում որոշել են «հանձնարարել վարչությանը՝ սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Գրիգորյանի լիազորությունները: Մինչև արտահերթ համագումար կասեցնել ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը։ Մինչև առաջիկա վարչության նիստը՝ հունիսի 24-ը, ԵԿՄ համակարգումը դնել ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա»: Ազատամարտիկները որոշել են հետայսու շարժվել Վազգեն Սարգսյանի գաղափարներով: Իսկ համագումար կարող է հրավիրել ԵԿՄ վարչությունը՝ 180 անդամների 2/3-ի համաձայնությամբ»: