28.11.2024
Փաշինյանն ամրապնդում է բանակի թիկունքը
prev Նախորդ նորություն

Բեսպրեդելի մթնոլորտի քավորը եղել է Սերժ Սարգսյանը. Սանասարյանը բացահայտումներ է խոստանում

Սա ամենաթողության եւ «բեսպրիդելի» արդյունք է: Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի սենսացիոն բացահայտումները, ասաց վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն հրապարակեց կադրեր՝ Մանվել Գրիգորյանի առանձնատան ու հանգստյան գոտու խուզարկությունից: Կադրերում ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին դպրոցներից, մանկապարտեզներից աշակերտների ձեռքով հավաքված ու բերված սնունդն ու իրերն էին, մեծ քանակությամբ ռազմամթերք, ՌԴ հայ համայնքի կողմից ապրիլյան օրերին գնված շտապ օգնության մեքենան, ՊՆ՝ վաճառքի ոչ ենթակա իրեր ու սնունդ:


«Պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործությունները ուղղակիորեն դավաճանության հավասար բաներ են: Ես ձեզ վստահեցնում եմ, թե ՊՆ-ից ինչեր է դուրս գալու»,- ասաց նա:


Հարցին՝ արդյո՞ք սա Սերժ Սարգսյանի հովանավորությամբ է եղել, Սանասարյանն ասաց. «Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել, երբ Մանվել Գրիգորյանը թույլ է տվել այս կամ այն արարքները, դրա միակ պատասխանատուն նախկին իշխանության առաջին դեմքն է»:


Լրագրողի հարցին, որ նախկին իշխանավորները սկսել են արտագաղթել, Դավիթ Սանասայնան ասաց, որ անհասանելի կղզիներ չկան: Նա խոսեց նաեւ նոր բացահայտումների հնարավորության մասին: «Իմ ղեկավարծ կառույցը եւս բացահայտումներ է իրականացբնելու, որոնք եւս հասանելի կլինեն հանրությանը», - ասաց նա:


Ազգային Ժողովը վաղը՝ հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, արտահերթ նիստ կհրավիրի, որի օրակարգում կքննարկվի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Ավելի վաղ նման միջնորդությամբ հանդես էր եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ՀՀ կառավարությունն իր արտահերթ նիստում որոշում կայացրեց Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարել:


Հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը մինչ ԱԱԾ-ի կադրերի ցուցադրումը պաշտպանում էր Մանվել Գրիգորյանի իրավունքները: ՀՀԿ-ն, հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարել էր, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ: