28.11.2024
Լոնդոն, Փարիզ, Վաշինգտոն. նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արտերկիր
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ամրապնդում է բանակի թիկունքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկրում սկսել է կոռուպցիայի դեմ պայքար, որի արդյունքում ՀՀ-ն պետք է դառնա ավելի էֆեկտիվ կառավարմամբ, ժողովրդավարական երկիր: Ուշագրավ է, որ Փաշինյանն օրերս եղել է նաև Արցախում` առաջնագծում ու հանդիպել է սահմանապահ զինվորների հետ:


Ինչպես հայտնի է, Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա և հատուկ ջոկատայիններ է տեղակայել Արցախի սահմանին ու փորձում է ապակայունացնել ու լարել իրավիճակը: Փաշինյանի գործողություններն երկրի ներսում, այդ թվում գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու ԱԱԾ-ի կողմից հրապարակված կադրերը` բանակից գողությունների մասին, վկայում են այն մասին, որ ՀՀ վարչապետը ցանկանում է ամրապնդել ՀՀ-ի ու Արցախի թիկունքը ապագա պատերազմում ավելի ամուր դիրքերից հանդես գալու ու հասարակության շրջանում ոգևորության ու համախմբվածության էֆեկտն ապահովելու համար:


Դրան էր միտված նաև ղարաբաղյան պատերազմի լեգենդներ Սամվել Բաբայանի ու Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը:


Ապրիլյան քառօրյայից հետո ի հայտ եկան բացահայտ կոռուպցիոն երևույթներ բանակում: Այս անգամ ՀՀ-ի նոր ղեկավարությունը ցանկանում է հստակ մեսիջ ուղարկել էլիտայի` հին և նոր բոլոր ներկայացուցիչներին, որ պատերազմող երկրում բանակից թալանելը պետական դավաճանություն է և խստորեն պատժվելու է` անկախ այն հանգամանքից, թե մեղավորը պատերազմի ժամանակ ինչ մարտական ուղի է անցել և ինչ կենսագրություն ունի:


Կոռուպցիան ՀՀ-ի ու ինչու ոչ՝ Արցախի համար ազգային անվտանգության մարտահրավեր է: Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ հայտարարել է, որ կոռուպցիան պետք է վերանա ՀՀ-ից ու այդ պայքարը լինելու է շարունակական, վերաբերվելու է բոլորին: Չթալանելը` խստորեն պատժվելու վտանգը հաշվի առնելով, պետք է դառնա Հայաստանի բոլոր պետական, ռազմական ինստիտուտների գործունեության ուղենիշը:


Բանակի մարտունակությունն ու մարտական ոգին սկսվում է առաջին հերթին ամուր թիկունքից` բանակի գումարներն ու նյութական բազան չպետք է դառնան կոռուպցիոն սխեմաների առարկա. դա անընդունելի է:


Ադրբեջանի համար ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները պետք է հստակ մեսիջ լինեն առ այն, որ նոր իշխանություններն էլ ավելի ամուր են կանգնած լինելու ազգային, պետական շահերի պաշտպանության թիկունքում, այդ թվում Արցախի հարցում հանդես են գալու ավելի ինքնավստահ դիրքերից: