26.11.2024
Մեր հարաբերությունները եղել են հատուկ, կան հատուկ և կլինեն հատուկ. Փածինյանը` Մեդվեդևին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կարեն Ավագյանին հաջողվել է եղբորը ջրից չոր դուրս բերել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների համար մեղադրյալի աթոռին է հայտնվել պահակապետ Համբերիկ Գալստյանը: Դեռ նախորդ տարի բացահայտվել էր մոտ 30 մլն դրամի գույքի պակասուրդ, ու որ համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաեւ պակասուրդ ապրանքների հաշվապահական ձեւակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, արդյունքում պակասուրդը տարիներ շարունակ չի հայտնաբերվել: Հիմա այս ամենի համար դատում են պահակապետին, մինչդեռ, հիշեցնենք, ժամանակին համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն էր՝ Արթուր Ավագյանը: Ու ենթադրվում է՝ նա եւս այս ոլորտով փաստաթղթերի տակ է ստորագրել, պատասխանատվություն վերցրել: Բայց քանի որ այս գործը քննվել է դեռ ՀՀԿ իշխանության ժամանակ, կարելի է ենթադրել, որ Կարեն Ավագյանին հաջողվել է եղբորը ջրից չոր դուրս բերել` ողջ մեղքը բարդելով պահակի վրա»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո գործարար պատգամավոր, ՀՀԿ խմբակցության արդեն նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի անունը շրջանառվեց բացառապես միրգ–բանջարեղենի առևտրի կազմակերպման առումով, որն, ըստ էության, իրականում եղել է պետության հետ պարզ համաձայնության արդյունք: Այսինքն, լուրջ կրիմինալ փնտրելն այստեղ հենց Ալեքսանյանի առումով լուրջ չէ, թեկուզ թեման մեծ աղմուկով մատուցվեց: Ավելին, հենց հաջորդ օրը կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարկային արտոնություն տվեց նրա ձեռնարկություններից մեկին: Տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում այսպիսով հասարակության ուշադրությունը շեղել ավելի լուրջ խնդիրներից: Ի մասնավորի, որպես շաքարավազի ներկրման մենաշնորհ դիրք ունեցող՝ Սամվել Ալեքսանյանը, մեր տեղեկություններով, միայն այս դաշտում տարեկան 50–60 մլն դոլարի եկամուտ ունի: Բանն այն է, որ նա ապրանքը մաքսազերծում է շաքարավազի հումքի անվան տակ, որը հաշվարկվում է ավելի քան 50 տոկոս նվազ արժեքով, ուրեմն և համապատասխանաբար պակաս է վճարում մաքսազերծման համար: Արդյունքում շաքարավազ ներմուծողները կամ ներմուծել ցանկացողները մրցակցությունից դուրս են մնում, քանի որ մաքսազերծումն իրականացնում են հենց շաքարավազի անվան տակ, այսինքն՝ անհամեմատ բարձր արժեքով: Սակայն ԱԱԾ բացահայտումներն այս մասին լռում են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ն նոր թափով ձեռնամուխ է եղել մարտի 1-ի գործի քննությանը: Երեկ էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է այս գործով բացահայտման աշխատանքներն ակտիվացնելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարական տվել: Մինչ այդ` երեկ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանն ասել է, թե ինքն էլ է ցանկանում այդ դեպքերի բացահայտումը: «Բացահայտմանը ես միանշանակ կողմ եմ, որ ցանկացած մեկը, որը հրաման է տվել, որը կարգադրություն է արել մարդկանց վրա կրակելու, պատասխան պետք է տա»: Սակայն նա չի մանրամասնել, թե ով է կրակելու հրաման տվողը եղել: «Այն բառակապակցությունը, որ Ռոբերտ Քոչարյանը ինձ հեռախոսով հրահանգ է տվել, ու ես էլ ստիպված եմ եղել հրահանգ կատարել, ուրեմն ասեմ հետեւյալը. փաստ է, որ ես երբեք հեռախոսով, երբեք, ոչ մի անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել: Ինքը ինձ նման հրահանգ տալու հնարավորություն չուներ: Բացի այդ` պետական ծառայության մեջ կան սուբորդինացիաներ: Հանրապետության նախագահը` Գերագույն գլխավոր հրամանատարը, ուղղակի նման ցուցումներ երեք չորս աստիճան ցածր մարդուն չի տալիս»»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարտադիր կուտակայինի մասին օրենքը, որն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա արտահերթ նիստում, երեւան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին անհամաձայնությունը: ՀՅԴ-ում չեն պատրաստվում կողմ քվեարկել այդ նախագծին, չնայած նախկինում համակարգի ներդրմանը դեմ չեն եղել: 2008թ., երբ իշխող կոալիցիայում պատասխանատվություն էին ստանձնել ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, ընդունվեց «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»: Այն ենթադրում էր նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում: Եվ չնայած 2 ուժերի նախարարներն էլ օրերս կառավարության նիստում կողմ քվեարկեցին նախագծին, սակայն ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան դաշինքը» լավագույն դեպքում ձեռնպահ կլինեն, քանի որ արտահերթ ընտրություններ են մոտենում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ից ստացվող տեղեկությունները մեզ հանգեցնում են այն եզրահանգման, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հակահեղափոխություն է եղել, համակարգ են վերադառնում նախկինում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները: 2017թ. հունիսին ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տեղի ունեցավ աշխատակիցների մոտ 40 տոկոսի կրճատում: Հիմք ընդունելով ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում առկա ինֆորմացիան՝ աշխատանքից ազատվեցին վարչությունների և բաժնի պետեր, ինչպես նաև շարքային աշխատակիցներ: Հիմա նրանք հերթով վերականգնվում են ՊԵԿ-ում, որովհետև երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, նեղանալով, որ իրեն Սյունիքի մարզպետ չնշանակեցին, մանդատը վայր դրեց։ Լուրեր կան, որ նրա մանդատը բաժին կհասնի էջմիածնեցի Հրանտ Դավթյանին, ով 2017թ․ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Արմավիրում եւ ստացել 7 հազար 616 ձայն՝ «ԾԴ» թեկնածուների մեջ այդ մարզում լինելով 2-րդը: Նա սկզբում մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, սակայն հետագայում մտափոխվել էր եւ պահանջել չեղյալ ճանաչել ինքնաբացարկի դիմումը: Հավելենք, որ Հրանտ Դավթյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր բիզնեսների եւ ՃՈ աշխատակիցների հետ կոնֆլիկտի դրվագից: Նա իր մեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «Էս եքա տռասի վրա էլ ավտո չկար, հա՞, կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես՝ ակտ գրես: Բեսամթ տղա ես, էլի, դու դառել ըտենց, արա», եւ հայհոյել էր ոստիկաններին: Միջադեպի մասին տեսանյութը տարածվելուց հետո անգամ խոսակցություններ եղան, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել նրան, իսկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե չի կարող դատարան դիմել, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված վիրավորանք պարունակող արտահայտությունների դեպքում»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այնքան է տարված կոռուպցիոն բացահայտումներով եւ դրանք Ֆեյսբուքում ներկայացնելով, որ չի հասցնում անգամ օրացույցին նայել։ Նա 9-րդ դասարանի ավարտական քննությունը «Գրականություն» առարկայից նշանակել է հունիսի 17-ին՝ կիրակի, ոչ աշխատանքային օր՝ այդպիսով ոտնահարելով ՀՀ հպարտ քաղաքացու հանգստի իրավունքը: Այժմ մանկավարժները հարց են բարձրացնում՝ պատրա՞ստ է նախարարը վճարել ուսուցչին կիրակի օրն աշխատելու համար։ Մանավանդ՝ եթե հանկարծ տնօրենը փորձի վճարել արտաժամյա աշխատանքի համար, կարող է հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում: Ի դեպ, դրանից առաջ էլ, առանց հաշվի առնելու զորակոչը, Արայիկ Հարությունյանը մեկ շաբաթով հետաձգել էր քննությունները՝ այդպիսով արժանանալով ՊՆ դիտողություններին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործադիր իշխանության շուրջ առաջին հայացքից զվարճալի, բայց իրականում բավական վտանգավոր իրադարձություններ են զարգանում: Ինչպես հայտնի է, ռուս պրանկերներն արդեն երկու անգամ զանգահարել են արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից և հեռախոսազրույց ունեցել: Մայիսի 24-ին պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին: Բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ: Հաջորդ զանգը եղել է հունիսի 13-ին: Պրանկերներն այս անգամ խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: ՀՀ իշխանությունն առայժմ հրապարակայնորեն չի արձագանքել կատարվածին: Սակայն նկատենք, որ նման միջադեպերի հետևանքը կարող են լինել տարատեսակ սադրանքները, առավել ևս, երբ նման միջոցառումներն իրենց մեջ լրտեսության որոշակի տարրեր են պարունակում: Ոլորտի մասնագետները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ են հայտնել, որ Փաշինյանի անունից զանգերի խնդիրն ավելի շատ հեռախոսազրույցի առաջարկն ընդունող կողմինն է, քանի որ նրանք պետք է ճշտեն՝ իրո՞ք ՀՀ վարչապետի հետ են խոսում, թե՞ ոչ, արժե՞ խոսել, թե՞ ոչ: Սովորաբար, նաև դիվանագիտական խողովակներով նախապես ճշտում են հեռախոսազրույցի նպատակահարմարությունն ու ժամը: Բայց մյուս կողմից միջազգային ասպարեզում Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իրոք բարձր է, և նրա անունը լսելիս նաև արևմտյան պաշտոնյաներն են միանգամից ցանկանում հաղորդակցվել»: