ՀՀ պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Պաշտպանության նախարարությունը մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է և մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք այդ ցանկացած փոփոխություն», - Aysor.am-ի հաղորդմամբ ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա ընդգծեց` բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ:
«Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապոտության տարածքն է», - ասաց նա:
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը` կարիք չկա՞ իրավիճակի մասին տեղեկացնել ՀԱՊԿ-ին, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.
«Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավվման խնդիր ընդհանրապես չկա»:
Նա նաև անդրադարձել է Արցախում առկա իրավիճակին`նշելով, որ Հայաստանում «Իմ քայլը» շարժման օրերին արցախա-ադրբեջանկան շփման գծում հակառակորդի կողմից զինտեխնիկայի և զորքերի կուտակումներն, ըստ ամենայնի, պայմանավորված էին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներով:
«Ես կարծում եմ` դա ավելի շատ Ադրբեջանի կողմից մտահոգություն է եղել մեր ներքին գործընթացների հետ կապված: Սա քաղաքական գնահատման խնդիր է», - ասաց Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով հարցին, որ այդ օրերին կուտակումների մասին լուրերը ոչ միանշանակ էին ընդունվում և, ի վերջո, կայի՞ն կուտակումներ սահմանին, ՀՀ պաշտպանության նախարարն ասաց.
«Կային որոշակի կուտակումներ, որոնք բացատրվում են նաև այն ձևաչափով, որ Ադրբեջանը մտահոգություն ուներ նաև մեր կողմից սադրանքների»: