Նիկոլ Փաշինյանի սրընթաց իշխանության գալն անսպասելի տեղի ունեցավ, «թավշյա» հեղափոխությունը հսկայական սպասելիքներ է ստեղծել։ Այս մասին գրում են Եվրոպական քաղաքականության կենտրոնի (European Policy Centre) ավագ քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը և կենտրոնի ռազմավարական խորհրդի անդամ Դենիս Սամութը:
Դրանք իրականացնելու հնարավորությունը, սակայն, սահմանափակված է ընտրությունների միջոցով ժողովրդական մանդատ ապահովելու անհրաժեշտությամբ և Հայաստանի հարևանների հետ բարդ ռազմական և ռազմավարական հարաբերություններով:
Ժամանակը Նիկոլ Փաշինյանի օգտին չէ, Հայաստանում կան որոշ շրջանակներ, այդ թվում՝ օլիգարխներ, բյուրոկրատներ, զինվորականներ և ՀՀԿ կուսակցության անդամներ, որոնք նրան դիտարկում են որպես «ժամանակավոր անհարմարություն»: ՀՀ վարչապետն ակնկալում է, որ ժողովուրդը կշարունակի վստահել իրեն այնքան ժամանակ, մինչև նա կարողանա սկսել իրականացնել խոստացված փոփոխությունները:
«Նրա ներքին օրակարգը բավական հավակնոտ է»,- գրում են հեղինակները։ Առաջնահերթությունների թվում են կոռուպցիայի դեմ պայքարը, օլիգարխիկ համակարգը վերացնելը, արդարադատությունը և «գողացված գումարները գտնելը»:
Նոր կառավարությունը գիտի, որ պետք է հաղթանակն ամրագրի ընտրությունների միջոցով։ Հեղինակները, սակայն, նշում են, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը դեմ է արտահերթ ընտրություններին: Այն ցանկանում է ժամանակ շահել՝ հույս ունենալով, որ մարդիկ կհիասթափվեն այդ ընթացքում: Իշխանության երեք ճյուղերում իր ունեցած ազդեցությամբ նոր կառավարության աշխատանքին խանգարելու նրա կարողությունը նշանակալի է, գրում են վերլուծաբանները: Նիկոլ Փաշինյանը կարող է ստիպված լինել նորից ժողովրդին դուրս բերել փողոց՝ ՀՀԿ-ին վերահսկողության տակ պահելու համար, սակայն մշտական հեղափոխության հեռանկարն այն չէ, ինչ նա ուզում է, և այն չէ, ինչ Հայաստանին պետք է հիմա:
Բացի այդ, չնայած նրան, որ Ռուսաստանը զգուշավոր դիրք է ընդունել հեղափոխության ընթացքում, Մոսկվան կարող է իր բացասական վերաբերմունքն արտահայտել Նիկոլ Փաշինյանի ներքին բարեփոխումների առնչությամբ, հատկապես եթե դրանք սպառնան Ռուսաստանի տնտեսական շահերին:
Վերլուծաբանները նշում են նաև, որ շփման գծում, որտեղ իրավիճակը միշտ անկայուն է, միջադեպերն անխուսափելի են և կարող են վերահսկողությունից դուրս գալ: Ադրբեջանի համբերությունը քիչ հավանական է, որ երկար կտևի, այս խնդրում միջազգային միջնորդության դերը երբեք այդքան կարևոր չի եղել, ինչպես հիմա:
Հեղինակները նշում են, որ Երևանում քաղաքական փոփոխությունների պատճառով զգալիորեն աճել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը: Այն պարունակում է գործիքներ և մեխանիզմներ, որոնք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարող է օգտագործել բարեփոխումների իրականացման համար: Հայաստանի յուրահատուկ իրավիճակը ԵՄ-ից հատուկ արձագանք է պահանջում:
Զարմանալիորեն մեծ ժողովրդական աջակցություն ձեռք բերած Նիկոլ Փաշինյանը պետք է արագ արդյունքներ ցույց տա և բավարարի իր աջակիցների սպասումները: Չնայած նրան, որ նա իրավացիորեն առաջնահերթություն է սահմանել ներքին սոցիալ-տնտեսական և կառավարման բարեփոխումները, արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերը մնալու են օրակարգում: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի առաջնորդած խաղաղ ժողովրդական շարժումը պետք է ոգեշնչման աղբյուր մնա նրանց համար, ովքեր նման անհույս իրավիճակներում են, եզրափակում են հեղինակները: