24.11.2024
Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կարեն Կարապետյանները փոշմանե՞լ են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկու Կարեն Կարապետյանները՝ «Տաշիրի» եւ նախկին վարչապետ, կուսակցություն ստեղծելու մտադրություն ունեին։ Սակայն վերջին օրերին այդ գաղափարը սառեցվել է, իսկ Կարեն Կարապետյանը («Տաշիր») առայժմ մտադիր չէ դուրս գալ ՀՀԿ-ից։ Սպասում են։ Կոնգլոմերատը լուրջ մտահոգություններ ունի հայաստանյան տնտեսության մասով, ուր Սամվել Կարապետյանը լուրջ ներդրումներ ունի, իսկ այսօր արդեն իսկ ՀԷՑ-երի համակարգում ոմանք աշխատավարձերի բարձրացման համար, գործադուլներ են կազմակերպում։


Չմոռանանք, որ եկող տարվանից սկսվելու է հայաստանյան արտաքին պարտքի սպասարկման ծանր գործընթացը։ Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, նա Երեւանում է, ՀՀԿ գրասենյակում գրեթե չի լինում, սակայն պարտաճանաչ մասնակցում է ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերին»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամին, երբ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ այդմ` նաեւ օրենսդիր իշխանության ղեկավար կազմն իրեն ընդդիմադիր հայտարարած ՀՀԿ-ի ձեռքում է: Իսկ գործադիր իշխանությունը ղեկավարում է խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, որին սակայն, աջակցում է ժողովուրդը: Հիմա ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով: Միայն թե, ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում է խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը: Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իրենք քննարկելու են Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի»,- ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ նշել է նա:

Նոր Սահմանադրությամբ բավական խճճված ու բարդացված են խորհրդարանը լուծարելու եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունները: Բայց այնուամենայնիվ, կան սահմանադրական հնարավորություններ՝ իրագործելու այս նպատակը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սահմանադրության 92-րդ հոդվածը, որն ամրագրում է ԱԺ արտահերթ ընտրության կարգը, խորհրդարանի կողմից փոփոխման ենթակա դրույթների թվին է պատկանում: Այսինքն՝ Սահմանադրության այդ հոդվածը կարող է փոփոխվել եւ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հիմքեր կարող են ստեղծվել հենց ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ: Բայց այդ փոփոխությունները կարող են իրականացվել ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` 70 ձայնով: Այստեղ, իհարկե, կա որոշակի դժվարություն, քանի որ խորհրդարանական երեք՝ Ծառուկյան, Ելք, ՀՅԴ խմբակցություններն ունեն 48 պատգամավոր, եւ անհրաժեշտ է եւս 22 ՀՀԿ-ականի աջակցություն: Մի հանգամանք, որին հեշտ չէ հասնել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը երեկ հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, հայտարարեց, թե արդարադատության նախարարի կարծիքը իրենց համար Սուրբ գիրք չէ, որ իրենք այն ընդունեն որպես վերջնական ճշմարտություն: Այսպիսով, ՀՀԿ-ականները դիրքավորվում են որպես ընդդիմություն և լինելով մեծամասնություն թե՛ հանձնաժողովներում, թե՛ խորհրդարանում ընդհանրապես՝ կարող են տապալել կառավարության ցանկացած նախաձեռնություն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում փոփոխութունների եւ պաշտոնանկությունների ալիքը հասնելու է նաեւ մարզպետներին: Այս օրերին քննարկումներ են ընթանում «Ելք», «Ծառուկյան» դաշինքների եւ ՀՅԴ-ի միջեւ, թե ինչպես պետք է բաշխվեն պորտֆելները: ՀՅԴ-ին կրկին երկու մարզպետների պորտֆել կտրվի եւ կրկին նույն՝ Շիրակի ու Արագածոտնի մարզերում: Վերջինում, մեր տեղեկություններով, կրկին նշանակվելու է նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը: ԲՀԿ-ն կրկին ավելի շատ ներկայացվածություն կունենա, քան ՀՅԴ-ն: Այս պահին հստակ է, որ ԲՀԿ-ին կտրվեն Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերը: Որպես Արմավիրի մարզպետ՝ քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի անունը: «Ելք» դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցությանը կտրվեն Արարատի եւ Վայոց ձորի մարզերը, Լոռու մարզպետ կդառնա Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը: Իսկ Կոտայքի մարզպետ կդառնա ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Կոտայքի մարզպետն այժմ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարապետ Գուլոյանը, ում համար այս օրերին մտածում են՝ ինչ պաշտոն առաջարկել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դաշնակցությունն սկսել է խժռել հավատավոր դաշնակցականներին։ Նախ կուսակցությունից հեռացվեց ՀՅԴ երկարամյա անդամ, 1992-94 թթ․ «Երկիր» օրաթերթի խմբագիր Աղվան Վարդանյանը, ապա՝ 1991-ին «Երկիրը» հիմնադրած եւ ԱՄՆ-ի «Ասպարեզ» թերթի երկարամյա խմբագիր Աբո Պողիկյանը։ Երկուսն էլ ՀՅԴ առաջադեմ թեւից՝ 120-ամյա «ծերունուն» բարեփոխելու ջատագովներ։ Պողիկյանին կուսակցությունից հեռացնելու պատմությունն անգամ զավեշտական է։


Պարզվում է՝ նրա անդամությունը ժամանակ առաջ ինչ-որ «զանցանքի» համար կախակայել են, իսկ ապրիլի 25-ին «Ասպարեզում» տպագրվել է ՀՅԴ Փասադենայի կոմիտեի ներկայացուցիչ Արման Պաղտոյեանի հոդվածը՝«Սխալ Մը՝ Որուն Մասին Դեռ Պէտք Է Երկար Խօսիլ Ու Խորհրդածել» վերտառությամբ, որտեղ նա կարծիք է հայտնել, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը պետք է կիսի Սերժ Սարգսյանի իշխանության պատասխանատվությունը։ Զավեշտալին այն է, որ հոդվածի հեղինակին ՀՅԴ-ն ընդամենը փոքրիկ նկատողություն է տվել, իսկ Աբո Պողիկյանին՝ հոդվածը տպագրած խմբագրին, վտարել ՀՅԴ-ից։ Ընդ որում, վտարել է ոչ թե ՀՅԴ ամերիկյան կոմիտեությունը, այլ ՀՅԴ Բյուրոն՝ Հրանտ Մարգարյանի ղեկավարությամբ։ Այս պարագայում եւս ակնհայտ է, որ առիթ է պետք եղել առաջադեմ դաշնակցականին կուսակցությունից հեռացնելու համար։


Սակայն զավեշտը դրանով չի ավարտվել՝ ՀՅԴ ամերիկյան կոմիտեությունը հրահանգել է Պողիկյանին՝ շարունակել իր աշխատանքը, խմբագրել «Ասպարեզը», եւ ստացվել է, որ ՀՅԴ պաշտոնաթերթն այժմ խմբագրում է կուսակցությունից հեռացված անձ։ ՀՅԴ-ում մեծ դժգոհություններ են հասունացել ՀՅԴ ղեկավարության ու հատկապես ՀՅԴ-ն 2000 թվականից՝ 18 տարի շարունակ ղեկավարող Հրանտ Մարգարյանի նկատմամբ եւ անգամ պառակտվելու ու նոր կուսակցություն ստեղծելու տրամադրություններ կան»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չի բացառվում, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը կրկին վերադառնա իր հին պաշտոնին՝ դառնալով ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար: Ի վերջո, Սաֆարյանը համարվում է եզակի պրոֆեսիոնալ կադրերից մեկը, ում «ձեռքի տակով» են անցել նորանկախ Հայաստանի վերջին 20 տարիների պետական բյուջեները: Սակայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն իր կառավարությունը ձևավորելիս Սաֆարյանին աշխատանքից ազատեց: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ կտեսնենք արդյոք ֆինանսների առաջին փոխնախարարի պաշտոնում, Պ. Սաֆարյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «Այս ընթացքում նման քննարկում տեղի չի ունեցել»: