25.11.2024
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ես քաղաքական որևէ կախվածություն չունեմ. ՀՀ գլխավոր դատախազը հրաժարական չի տա

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ դրա հիմքեր չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:


Նրա խոսքով՝ ինքը երբեք քաղաքական կախվածություն չի ունեցել և չունի.


«Գործադիր իշխանության փոփոխությունը չի կարող հանգեցնել անկախ մարմինների՝  Գլխավոր դատախազի հրաժարականին: Գլխավոր դատախազությունը գործադիր իշխանությունից անկախ մարմին է, որի կազմավորման, գործունեության համար սահմանվում են երաշխիքներ»,- ասաց նա։


Ըստ նրա, ինքն այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ պատգամավորների 3/5-րդի ընտրության արդյունքում և եթե գործադիր իշխանության փոփոխությունը մեխանիկորեն պետք է բերի անկախ մարմնի ղեկավարի փոփոխության, ապա «իրավական մտքի զարգացումը ուղղակի միֆ կլինի»:


«Վստահեցնում եմ՝  ես քաղաքական որևէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ և որքան որ կաշխատեմ, երբեք չեմ ունենա»,- շեշտեց Դավթյանը։


ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էլ նա անդրադարձավ ԱԺ պատգամավորների ձերբակալումներին՝ շեշտելով, որ այդ գործընթացում քաղաքական որևէ նկատառում չի եղել: Սա ի պատասխան Ելք խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի հարցի, թե պատգամավորների ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ ունեին, քանի որ Կարեն Կարապետյանը դիմել է դատախազին, որպեսզի ընթացք չտրվի: Ըստ Մարուքյանի՝ սա քաղաքական գործընթաց է և որևէ իրավական կարգավորում չկա դրա համար։ 


Դավթյանը պարզաբանեց. 


«Ապօրինի հավաքներ կազմակերպելու փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել խորհրդարան, որը վերաբերել է միայն Նիկոլ Փաշինյանին։ Այնուհետև տեղի ունեցան հայտնի իրադարձությունները և վարչապետի պաշտոնակատարը գրավոր դիմեց ինձ՝ լարման հաղթահարման հետ կապված, խնդրելով այդ հարցով խորհրդարանում չնախաձեռնել քննարկումներ։ Դրանից հետո իմ կողմից Ազգային ժողովի նախագահին նամակ հղվեց, որ այդ հարցը ԱԺ օրակարգից հանվի և քննության չառնվի։ Նույն օրը պատգամավորները ազատ են արձակվել», - ներկայացրեց գլխավոր դատախազը։


Կոնկրետ ԱԺ-ում պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության չքննարկելու հաչցին մասով նա նաև ասաց, որ այդ հարցի վրա քաղաքական գործոններ թեև ազդել, բայց դա դարձյալ իրավական  հարց է, քանի որ «եթե գործ ունենք որոշակի խումբ անձանց քրեական պատասխանատվության քաղաքական մարմինների թույլտվությամբ անձեռնմխելիության հաղթահարման հետ, աապ ակնհայտ է, որ այդտեղ քաղաքական էլեմենտ կա»:


Հիշեցնենք, Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի սեպտեմբերից: