25.11.2024
Ուժային կառույցները պետք է պահպանեն պետականամետ դիրքորոշումը
prev Նախորդ նորություն

Նոր Հայաստանի ԱԺ-ում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու. «Գրանդ Հոլդինգ»

«Գրանդ Հոլդինգի» կողմից Ազգային Ժողովում ներկայացված անկուսակցական պատգամավորներ Գրիգոր Ավալյանը և Արմեն Բաբայանն այլևս չեն լինելու պատգամավոր: Այս մասին ասված է «Գրանդ Հոլդինգ»-ի հայտարարության մեջ, որը տարածվել է որպես պարզաբանում ԱԺ պատգամավորներ Գրիգոր Ավալյանի և Արմեն Բաբայանի պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասով:


«Ինչպես տասն օր առաջ Գրիգոր Ավալյանը, այնպես էլ այսօր Արմեն Բաբայանը դիմում գրեց և վայր դրեց պատգամավորի մանդատը: Մեր կարծիքով, նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու:


Մենք երբեք որևէ կուսակցության անդամագրված չենք եղել. մեր քաղաքականությունը մեր աշխատանքն է ու մեր պայքարը՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացման: Մենք միշտ եղել ենք, կանք ու լինելու ենք ժողովրդի հետ: Մենք հպարտանում ենք մեր ժողովրդով, մեր երիտասարդներով:


Մենք ողջունում ենք մեր քաղաքական գործիչներին, որ դրսևորեցին լրջագույն զսպվածություն, խոհեմություն և հայրենասիրություն: Ամբողջ հայությամբ ցնցեցինք աշխարհը մեր ժողովրդավարությամբ, մեր համախմբվածությամբ, մեր խաղաղասիրությամբ: Թո՛ղ այս օրերի ուրախությունը և ոգեշնչվածությունը երկար մնան մեր սրտերում: Փա՛ռք ազատ, արդար և հաղթական հայ ժողովրդին: Միքայել և Կարեն Վարդանյաններ», - ասված է հայտարարության մեջ: