Ուժային կառույցները պետք է պահպանեն պետականամետ դիրքորոշումը
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ուղղված առաջարկություն է ստորագրել ՝ Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին:
Անկախ ներքաղաքական առկա հակասություններից ՀՀ–ի ու ԼՂՀ–ի անվտանգությունն ու պաշտպանվածության բարձր մակարդակը պետք է լինեն առաջնահերթություն նոր կառավարության համար։ Հասկանալի է, որ Փաշինյանը չէր կարող աշխատել մեկ թիմում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հավատարիմ համախոհների ու թիմակիցների` Վլադիմիր Գասպարյանի ու Գեորգի Կուտոյանի հետ։
Սակայն ՀՀ–ի համար այս կարևոր, անցումային ժամանակաշրջանում, մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, պետք է ուժային կառույցները` ոստիկանությունը, պաշտպանության նախարարությունն ու ԱԱԾ համալրել որակյալ կադրերով` շեշտը դնելով պրոֆեսիոնալության ու անցած ճանապարհի վրա։ Բաքվի հետ պատերազմական վիճակում գտնվող ՀՀ–ն ու ԼՂՀ–ն չեն կարող իրենց թույլ տալ ուժային կառույցները թուլացնելու շռայլությունը։
Ներքին անվտանգության ու սահմանների պաշտպանության համար պետք է արվի առավելագույնը` դա է լինելու նաև նոր կառավարության աշխատանքի արդյունավետության ու հասարակության կողմից վերաբերմունքի կարևոր ինդիկատորներից մեկը։
Չպետք է թույլ տալ իշխանության փոխանցման այս վակուումը լցվի ներքին անկայունության ու ՀՀ–ի ու Արցախի սահմաններին սպառնալիքների ավելացման երևույթներով։ ՀՀ–ի պես երկրներում, ունենալով Թուրքիայի ու Ադրբեջանի նման հարևաններ, ուժային կառույցները «ողնաշարի» դեր են խաղում` իրենց վրա կրելով ազգի, պետության պաշտպանության հիմնական բեռն ու պատասխանատվությունը։
Ուժային կառույցների ապագա ղեկավարները պետք է շարժվեն ոչ թե թիմային, այլ պետական, ազգային շահերով. երկրում փոխվել է կառավարություն, քաղաքական իրավիճակ, սակայն ՀՀ–ի, Արցախի նկատմամբ սպառնալիքները` ներքին ու արտաքին, մնացել են նույնն ու անգամ ավելացել` Բաքուն հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները ընկալել է, որպես ռևանշի հնարավորություն ու ամենաթեժ պահին «թավշյա հեղափոխության»` զորքեր ու զինտեխնիկա կուտակել ղարաբաղյան ճակատում։
Ուժային կառույցներում կադրային ջարդն անթույլատրելի է` հայրենասեր, պրոֆեսիոնալ կադրերը պետք է իրենց տեղը պահպանեն, ինչի մասին բազմաթիվ անգամ շեշտել է նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։