Նախ Արցախ, հետո՝ ՌԴ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա անելիքները
Կառավարությունում կլինեն անձերի փոփոխություններ, նախարարի փոփոխություն կլինի նաև պաշտպանության նախարարությունում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավաստիացրեց. «Կառավարության կազմում կլինեն էական փոփոխություններ»։
Վարչապետը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն կաշխատի կառուցողական դաշտում և հնարավոր կլինի երկրի հետագա զարգացման գործում հասնել լրջագույն փոփոխության:
«Առաջնային կլսեմ երկրի անվտանգության մասին համապատասխան մարմինների զեկույցները»,- հայտարարեց նա իր առաջիկա անելիքների մասին:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ սուպերվարչապետական համակարգ Հայաստանում չպետք է լինի. «Այս ուղղությամբ ևս փոփոխություններ են լինելու», -շեշտեց նորընտիր վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի առաջին այցը վարչապետի պաշտոնում կլինի արդեն վաղը՝ մայիսի 9-ին Արցախի Հանրապետություն: Իսկ ահա մայիսի 14-ին նա կմեկնի Սոչի, որտեղ կայանալու է Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստը: