25.11.2024
Ազգային Ժողովը վարչապետ է ընտրում  (ՈՒՂԻՂ)
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի Հայաստանը. ինչպիսի՞ն այն կլինի ըստ թեկնածուի ելույթի դրույթների

Քիչ անց ԱԺ-ն կընտրի ՀՀ վարչապետ:


Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր՝ վարչապետ լինելու դեպքում երկրի արտաքին քաղաքականության հիմքում դրվելու է Հայաստանի ու Արցախի շահը: Նրա խոսքով, ինքը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ, սակայն բանակցությունները լիարժեք չեն լինի, քանի դեռ Արցախը դրանց կողմ չի հանդիսանում:


Ղարաբաղյան խնդրի խաղաղ, միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն , կենսական է Արցախի ժողովրդի իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի իրացման միջազգային ճանաչումը:


«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում պատրաստ է բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ.


«Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ` որպես հիմք ունենալով վերը նշված սկզբունքային դիրքորոշումը: Հարկ եմ համարում, սակայն, ընդգծել, որ բանակցությունները չեն կարող լիարժեք ու արդյունավետ համարվել` քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը` Արցախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992թ. մանդատով», - ասաց Նիկոլ Փաշինյանը:


Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա կտրուկ շրջադարձեր չեն լինի:

«Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ անդամ, մենք գործադրելու ենք ամեն ջանք, որպեսզի այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը դառնա առավել արդյունավետ: Հայաստանը կշարունակի նաև մնալ ՀԱՊԿ անդամ՝ անդամակցությունը առավել արդյունավետ դարձնելու խնդիրը հետապնդելով նաև այս կազմակերպությունում: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը իմ ղեկավարած կառավարության գլխավոր առաջնահերթությունների թվում է», - հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, առկա հարաբերություններում հարցերը համատեղ լուծելու պատրասակամության վրա:
«Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր գործոն», - նշեց թեկնածուն:

Առաջնահերթություն է լինելու նաև Եվրոպական Միության հետ համագործակցությունը: Ըստ Փաշինյանի, ամեն ինչ անելու են հնարավորինս շուտ սկսելու Հայաստանի քաղաքացու համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի պահանջի վերացման հարցի շուրջ բանակցությունները:

Անդրադառնալով ներքին կյանքին, Փաշինյանն ասաց, որ բռնությունն այլևս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում և ընդհանրապես, ներհայաստանյան հարաբերություններում: Վարչապետի թեկնածուն ընդգծեց՝ ավտոմատները պետք է լռեն հավիտյան, և ժողովրդական կամքի անառարկելիությունը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ պետք է տեղի ունենա հայկական պետականության կայացումն ու հզորացումը:

«Նոր կառավարության առաջնահերթությունը լինելու է Հայաստանում Արցախում և Սփյուռքում ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ, Հայաստանում հաստատել իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնություն: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վե՛րջ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վե՛րջ, տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք զբաղվելու է իր նախընտրած բիզնեսով և վերջ, մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու և վերջ, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ, օրենքը լինելու է գերակայություն և վերջ», - թվարկեց Փաշինյանը:
Նա նաև վստահեցրեց, որ կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է կատարելու ու ընդգծեց, որ այս ամենին հասնելու են առանց վենդետաների ու առանց սեփականության վերաբաշխման՝ խստորեն պահպանելով քաղաքացիների շահերը, իրավունքները:

Վարչապետի թեկնածուն նաև ասաց, որ քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը այլևս փակված է Հայաստանում և օրենքը հավասարապես պետք է գործի ինչպես քաղաքական համախոհների, այնպես էլ քաղաքական մրցակիցների նկատմամբ:

«Սա է հայկական հեղափոխության հիմնական ու կարևոր ուղերձը, որին հավատարիմ պետք է մնանք մինչև վերջ», - հայտարարեց նա: