Իշխանությունները մտածում են, թե կարող են հաղթել ՀՀ ժողովրդին, նրանք մտածում են՝ ՀՀ ժողովուրդը չի կարող լինել այդքան հզոր, սա վիրավորանք է ՀՀ ժողովրդի նկատմամբ: Խոսում եք պայթյունավտանգ իրավիճակի մասին, բայց նման իրավիճակ չկա: Այսօր ՀՀ-ում չկա ուժերի հարաբերակցություն, կա ժողովուրդ՝ մի կողմից եւ հանրապետական 20-25 պատգամավոր՝ մյուս կողմից ու ՀՀԿ վերնախավ, որն ուզում է ապացուցել, որ իրենք ճիշտ են:
Այս մասին հայտարարեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում վարչապետի հարցով քվեարկությունից հետո, որի արդյունքում նա չընտրվեց Հայաստանի վարչապետ: Նիկոլ Փաշինյանը 45 կողմ, 56 դեմ ձայների հարաբերակցությամբ չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:
Փաշինյանը մասնավորապես հայտրարեց. «Առավոտից ՀՀԿ անդամներն այս դահլիճում տարածում են ադրբեջանական քարոզչություն, ես ուրիշ որակում չեմ կարող տալ, սա ՀՀԿ ինքնաոչնչացման առաջին քայլն է: Եթե նրանց շարքերում կան դեռ մարդիկ, որոնք մտահոգված են երկրի տնտեսության ու մյուս ոլորտների ապագայով, կարող են քիչ հետո փոխել կուսակցական որոշումն ու քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին:
ՀՀԿ ամբողջություն այլեւս չկա, այդ պատճառով էլ ես դիմում եմ ՀՀԿ անդամներին առանձին-առանձին: Չկա այդպիսի տարբերակ, որին համաժողովրդական շարժումը չհաղթի, դուք ընդամենը խաղում եք ժամանակի հետ եւ դա պատվաբեր չէ վերջին 25 տարում երկրի իշխանություն եղած կուսակցության համար:
Վերջում՝ մի քանի դիտարկում: Աշոտյանն ասում է, որ ես դարձել եմ հայկական Նելսոն Մանդելա, Գեւորգ Կոստանյանն ասում է՝ ես կառավարման փորձ չունեմ: Մանդելան 20-րդ դարի լավագույն գործիչներից է եղել, նա երկրի նախագահի պաշտոնը ստանձնել է 26 տարի բանտում մնալուց հետո, եւ պատկերացնում եք, Հարավաֆրիկյան երկրում չկար Կոստանյանի նման պատգամավոր, որն ասեր՝ ոնց կարելի է կառավարման փորձ չունեցող մարդուն տալ կառավարման ղեկը:
Մեկ անգամ էլ ուզոմ եմ ընդգծել, որ մեր խնդիրը ժամանակավոր կառավարության ձեւավորւմն է: Այսօրվա քվեարկությունից հետո մենք պատրաստ ենք սկսել քննարկումների շարք, ու ինչպես արդեն աասել ենք՝ կադրային ջարդ, խմբային շահերի սպասարկում չի լինելու: Սա ասում եմ որպես պարտավորություն՝ ոչ թե ԱԺ-ի, այլ այս ժողովրդի առաջ:
Մենք փակել ենք ատելության էջը, այժմ մենք համաժողովրդական այս շարժման համահեղինակ դառնալու ճանապարհին ենք: Ժողովրդի հաղթանակը տեղի է ունենալու ամեն դեպքում, ես ձեզ կոչ եմ անում միանալ համաժողովրդական զարթոնքին, լինել տոնի հեղինակն ու համահեղինակը, որովհետեւ էականն այն չէ, ով երբ է միացել, այլ այն է՝ ամեն միացող իր լուման է ներդնում, որ հայերն այս իրավիճակից դուրս գան հաղթանակած:
Ես երբեք չեմ մերժել բանակցություները, բայց ասել եմ, որ դրանք չեն կարող լինել գոյություն չունեցող թեմաների շուրջ, ըստ էության, այսօվա մեր խոսակցությունն էլ այդպիսի մի հրապարակային բանակցություն է, որով դուք կարող եք ժողովրդին հաղթանակ պայքարել այն պայմաններում, որում չեք կարող այդ հաղթանակը խլել:
Հիմա այլեւս պետք չէ մտածել ՀՀԿ կուսակցության կամ խմբակցության մասին, որովհետեւ հիմա կանգնած է ժողովուրդը, որը պատրաստ է օգնել, պաշտպանել յուրաքանչյուրիդ՝ առանձին-առանձին:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, կեցցե՛նք մենք ու մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են ազատ հայրենիքում»: