Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին հրավիրեց Հանրապետության հրապարակ երկխոսության
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզած քաղաքացիների առաջնորդ, "Իմ քայլը" նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին հայտարարությանը:
«Այսօր՝ ժամը 19:00-ին, Արմեն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում: Եթե Արմեն Սարգսյանը, հանուն ճգնաժամի հաղթահարման, պատրաստ է ինձ հանդիպել, ապա ես՝ ժողովորդի ներկայությամբ, նրան կընդունեմ: Ենթադրում եմ, որ բան ունի ասելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հերթական կոչով է դիմել Նիկոլ Փաշինյանին՝ հերթական անգամ հրավիրելով երկխոսության: Նա պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ լարվածությունը մեղմելու համար:
Հիշեցնենք, մինչ այս Նիկոլ Փաշինյանը մերժել է իշխանությունների հետ երկխոսելու բոլոր կոչերը: