Երևանում և այլ քաղաքներում ցույցերը շարունակվում են, իրավիճակը լարված է (LIVE)
21.04.2018
Առավոտվանից Երևանում և այլ քաղաքներում իրավիճակը լարված է, ամենուր բախումներ ու քաշքշուկ է ոստիկանների հետ:
Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է երթը երևանյան փողոցներով՝ մեկնարկելով երթը Նոր Նորք վարչական շրջանից, ոստիկանները փակում են միջպետական նշանակության մայրուղիները, այդպիսով փորձելով խոչընդոտել մարդկանց և մեքենաների հոսքը դեպի Երևան:
Էջմիածնում շարունակվում են բողոքի ցույցերը, նրանք միացել են Արշալույսի բնակիչներին. ցույցը բազմամարդ է: Նրանք հայտարարել են, որ շարժվում են դեպի Զվարթնոց:
Առավոտյան բողոքի ցույց է մեկնարկել Արարատում: Արարատցիները այս րոպեներին ավտոերթով Երևան են շարժվում, նրանց թվում էր նաև Նոր կյանքի գյուղապետ, «Քաղաքացիական պայամանգրի» անդամ Գարիկ Սարգսյանը: Սակայն ոստիկանները խոչընդոտում են նրանց երթին՝ պնդելով, թե նրանք հասարակական կարգ են խախտում:
Քիչ առաջ Արտաշատ-Երևան մայրուղուց էվակուացրել են Նոր կյանքի գյուղապետի ավտոմեքենան: Այդ պահին Գարիկ Սարգսյանը գտնվում էր մեքենայի ներսում և բարձրախոսով հայտարարեց, որ էվակուատորի վարորդի արարքն անօրինական է ու նա կարող է պատասխանատվության ենթարկվել դրա համար:
Իրավիճակը լարված է նաև Երևանի կենտրոնում՝ տևական ժամանակ է փակ է Մաշտոց-Պուշկին խաչմերուկը, ցուցարարներ են բերման ենթարկվում: Ոստիկանությունը կենտրոնացրել է ուժեր:
16.03
Facebook սոցիալական ցանցում հայտնում են այն մասին, որ Հրազդանում ոստիկանական մեքենան հարվածել է ճանապարհը փակած դեռահասին։ Վերջինս ունի կոտրվածքներ, տեղափոխեցին հիվանդանոց: