Վաղը Փաշինյանը անակնկալ է պատրաստել Սարգսյանին, իսկ գիշերը ցուցարարները կանցկացնեն տանը
Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո ցուցարարները երթով անցան Երևանի կենտրոնական փողոցներով և քիչ առաջ հասան Բաղրամյան 26` այսուհետ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նստավայր:
Բազմահազար ցուցարարներին դիմավորեցին ոստիկանները, որոնք պատ են կազմել նստավայրի դիմաց: Երթը, ինչպես և նախորդ բոլոր օրերին, կրում է խաղաղ բնույթ, ցուցարարները վանկարկում են իրենց լոզունքները` «Քայլ արա` մերժիր Սերժին», «Ամոթ» և այլն:
Իր խոսքում Փաշինյանը նշել է, որ Հայաստանում հետխորհրդային երկրների նորագույն պատմության առաջին զանգվածային շարժումն է, որը չի կապվում օտարերկրա ուժերի հետ՝ և դա շարժման հպարտությունն է։ Պատգամավորը նաեւ կոչ արեց, որ շրջանների բնակիչներին տեղական իշխանություններից «թավշյա հեղափոխությանը» աջակցելու հայտարարություններով հանդես գալ։
Նշենք, որ հանրահավաքի ավարտին Նիկոլ Փաշինյանը դարձյալ իր համակիրներին ուղարկեց տուն գիշերելու` նշելով, որ վաղը կարևոր օր է.
«Վաղը պետք է շատ շուտ արթնանալ և ուղիղ ժամը 8-ին հավաքվել այստեղ՝ Հանրապետության հրապարակում: Վաղը Սերժ Սարգսյանի կառավարությամբ առաջին նիստն է, այնպես որ արժի՛, արժի՛ վաղը ժամը 8-ին գալ այստեղ: Այստեղ մենք պիտի փորձենք շրջափակել կառավարման մի շարք շենքերի մուտքեր, որպեսզի աշխատողները չկարողանան ներս մտնել: Թե որ կառավարման շենքերի մասին է խոսքը, չեմ ասի, որովհետև հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի համար անակնկալ ենք պատրաստել», - հայտարարեց Փաշինյանը: