ԻԻՀ Մեջլիսը հաստատեց «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը
Ապրիլի 18-ին Իրանի խորհրդարանը 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Մինչ այդ՝ ապրիլի 17-ին, ԻԻՀ Մեջլիսի բաց նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման նախագծի շուրջ հրատապ քննարկումներ սկսելու վերաբերյալ:
Հատկանշական է, որ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների օրակարգային կարևոր հարցերի շարքում, ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցենք, որ Մեղրիի ՀէԿ-ի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2012 թ-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու Իրանի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջունի մասնակցությամբ:
Ըստ պայմանավորվածության, Արաքս գետի վրա՝ հայ-իրանական համագործակցությամբ երկու հիդրոէլեկտրոկայան պետք է կառուցվեր ՝ Մեղրիի եւ Ղարաչիկարի ՀէԿ-երը։ ՀէԿ-երի կառուցման վերաբերյալ համաձայնությունները ձեռք են բերվել ավելի վաղ՝ 2007 եւ 2008թթ. միջկառավարական երկու համաձայնագիր է ստորագրվել, որոնք վավերացրել են երկու երկրների խորհրդարանները:
Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման վերջնաժամկետը 2017 թվականն էր նշված, սակայն հիմնակեքից այն կողմը շինարարությունը չշարունակվեց։ Պատճառներից մեկը Իրանի նկատմամբ՝ վերջինիս միջուկային ծրագրով պայմանավորված կիրառված միջազգային պատժամիջոցներն էին:
2009 թվականի ապրիլի 14-ին ՀՀ նախագահի՝ Իրան կատարած այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Իրանի էներգետիկայի նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ։
Իրանական կողմը պատրաստակամություն էր հայտնել գնել 130 մգվտ հզորությամբ Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը, որը կազմելու է եւ տարեկան մոտ 800 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: