Որքան ձգձգվի Հայաստանում ներքաղաքական անկայուն իրավիճակը, այնքան մեծանում է էսկալացիայի ռիսկը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը:
«Ադրբեջանը միշտ փնտրելու է թույլ կողմեր, որպեսզի կարողանա վերադարձնի իր տարածքները»,- նշեց նա: Միևնույն ժամանակ նա ասաց, որ տարածքները վերադարձնելու մասին իր հայտարարությունը վերաբերում է այն շրջաններին, որոնք ԽՍՀՄ օրոք երբեք Լեռնային Ղարաբաղի կազմում չեն եղել, բայց այսօր գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ: Բաքուն, ընդգծեց նա, երբեք չի համակերպվի այն իրողության հետ, որ դրանք հայկական ուժերի հսկողության տակ են և որ նա դրանք անվերադարձ կոցրերլ է: Հետևաբար ադրբեջանական իշխանությունները միշտ կհամարեն, որ բարոյապես ճիշտ են, երբ որոշում են կայացնում հարձակում հրահրել հայկական ուժերի ուղղությամբ, քանզի այդ տարածքները «բանավեճի կոնտեքստից դուրս են»:
«Բնականաբար, այդ ամենը պայմաններ է ստեղծում հակամարտության հետագա սրման համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Ադրբեջանի ռազմական ներուժը հնարավորություն կտա իրեն վերադարձնել ոչ միայն այդ տարածքները, այլև Ղարաբաղը, Պերենջիևը նկատեց, որ, անշուշտ, վերջին տարիներին Ադրբեջանը հզորացրել է իր ռազմական ներուժը նորագույն զինտեխնիկա գնելու հաշվին: Եվ ոչ միայն Ռուսաստանից, այլև Իսրայելից, Թուրքիայից, Չինաստանից, Պակիստանից և այլն: Սակայն, նրա համոզմամբ, դա ամենևին էլ չի նշանակում, որ բարձր ռեյտինգով երկիրը կարող է հաղթել համեմատաբար ավելի ցածր ռազմական ռեյտինգ ունեցող երկրին:
Ավելին՝ Պերենջիևը վստահ է, որ Ադրբեջանը, հաշվի առնելով միայն այդ հանգամանքը, մոռանում է հաշվի առնել տվյալ երկրի ազդեցության այլ ասպեկտներ՝ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աշխարհամշակութային և այլն: Իսկ բացի այդ, շատ կարևոր է նաև երկրի անվտանգության ռեյտինգը.
«Օրինակ, կարելի է համեմատել Վատիկանի և Լիբիայի ռազմական հզորությունն ու այդ պետությունների անվտանգության մակարդակը: Շատ դեպքերում անվտանգությունը կարող է պայմանավորված լինել տնտեսական (ֆինանսա-բանկային) ազդեցությամբ, ինչպես Շվեյցարիայում է: Հարկ է նաև հասկանալ, որ նման ռեյտինգները կարող են ունենալ սադրիչ բնույթ: Ես անձամբ հենց այդպես եմ գնահատում Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական ներուժի համեմատության մասով ռեյտինգները, քանի որ դրանց հեղինակները կարծես պաշտոնական Բաքվին դրդում են ակտիվացնել ռազմական գործողությունները պաշտոնական Երևանի նկատմամբ: Կարծես ասեն՝ տեսեք, դուք հզոր եք, բայց ամենն այդքան էլ միանշանակ չէ: Եվ, առհասարակ, պատերազմը սպորտային հակադրություն չի: Եվ, ի դեպ, նույն սպորտում առկա ռեյտինգները ոչ միշտ է, որ համախատասխանում են իրական հակադրության արդյունքներին»,- հավելեց մեր զրուցակիցը: