25.11.2024
Հայաստանը չի պայթի, եթե դուք ղեկավար չլինեք․ Արսինե Խանջյանը՝ Սերժ Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Ազգային Ժողովում սպասում են Սերժ Սարգսյանին. նիստը կկայանա

Հանրապետական խմբակցության պատգամավորները արդեն Ազգային Ժողովում են: Այս մասին ասել է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: «Ես տեղեկություն ունեմ, որ բոլոր հանրապետականներն այստեղ են և նիստը գումարվելու է», - ասել է ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ «բոլորն էլ այստեղ են»։
 
Նիստը չի հետաձգելու և տեղի է ունենալու իր ժամին` ժամը 12.00-ին: ԱԺ-ում են նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: ԱԺ դահլիճի մուտքերին տեղադրվել են մետաղյա արգելապատնեշներ:


Հատուկ նիստում, հիշեցնենք, քննարկվելու է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Միակ թեկնածուն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների առաջադրած պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն է: Վերջինս ևս մասնակցելու է նիստին և հանդես գալու ելույթով:

«Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ ելույթի ժամանակ լքելու է դահլիճը և վերադառնալու է միայն քվեարկության համար:


Մարուքյանն լրագրողներին ասել է, որ իրենք պետք է անպայման դեմ քվեարկեն Սերժ Սարգսյանին. - «Չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի ոնց որ Հյուսիսային Կորեայում է ընտրվում»։


Լրագրողների հարցին, թե ավելի լավ չի՞ լինի, որ «Ելք»-ն ընդհանրապես չմասնակցի քվեարկությանը, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ ընդհանրապես չմասնակցելը Սերժ Սարգսյանի ամենասիրած բանն է, ոնց է Ծաղկաձորում հանգիստ ընտրվել, որ ընդհանրապես ոչ մեկ բան չի ասում իրան, ընդհանրապես մենք եկել ենք, որ ամեն ինչ լավ չլինի էստեղ»։


Ճշտող հարցին, թե ներսում ինչ-որ գործողությո՞ւն են նախատեսում իրականացնել, Մարուքյանը պատասխանեց. - «Ի՞նչ գործողություն, մեր ելույթներն արդեն գործողություններ են»։


ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը այս պահին Երևանի փողոցներում են: Նրանք առաջնորդում են ցուցարարներին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ հանդես կգա ելույթով և կհրապարակի հետագա գործողությունների պլանը:


Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, որ ժամը 12.00-ին հանդես է գալու հատուկ հայտարարությամբ:


Ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին կոալիցիան ՀՅ Դաշնակցությունը հավանություն տվեց:


Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է:


Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր աջակիցներին կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները:


Նախօրեին ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մատույցներում, որի հետևանքով 46 մարդ մարմնական վնասվածքներ ստացավ:


Դատախազությունը նույն օրը հաղորդեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի խախտման հիմքով քրգործեր է հարուցել: Ոստիկանությունն էլ գիշերը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով ցույցերի կազմակերպիչներից «չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»:


Ցուցարարները չորրորդ գիշերն անցկացրեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որը փակել են ապրիլի 13-ին: