Ակտիվիստին վրաերթի ենթարկած տաքսու վարորդը հեռացվել է GG taxi թիմից
13.04.2018
Նախօրեին Օպերայի հարևանությամբ բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստին վրաերթի ենթարկած GG taxi վարորդը հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտնում են ընկերությունից.
«Հարգելի հայրենակիցներ, ներողություն ենք խնդրում միջադեպի համար։ Գործընկերոջ հետ համագործակցությունը կասեցված է»,- ասված է ggTeam-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երբ Օպերայի հարևանությամբ ակցիա իրականացնող ակտիվիստ Արեն Մկրտչյանը վթարի ենթարկվեց: Բարեբախտաբար վնասվածքը լուրջ չէ: Նա այլ ակտիվիստների հետ փորձում էր փակել ճանապարհը, երբ կանաչ գույնի «Մերսեդես» մակնիշի մենքնայի վարորդը չցանկանալով կանգնել՝ նրան վրաերթի ենթարկեց։ Մեքենան, ի դեպ, GG taxi-ի ավտոմեքենաներից է և երեկվանից Facebook սոցիալական ցանցում օգտատերերը պահանջում են GG taxi տնօրինությունից հեռացնել աշխատանքից նշված մեքենայի վարորդին, այլապես իրենք կբոյկոտեն ընկերության գործունեությունը:
Մասնավորապես, Մերժիր Սերժին նախաձեռնության առաջնորդներից Դավիթ Սանասարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Երբ որ gg տաքսին սկսեց իր գործունեությունը, հրաժարվեցի բոլոր տիպի տաքսիներից, ու սկեցի բոլորին խնդրել, որ օգտվեն ու օգնեն զարգանա այս հավես բիզնեսը։ Երբ որ Յանդեքսն էկավ, սկսեցի անել ամեն ինչ, որ մարդիկ հրաժարվեն գայթակղիչ առաջարկներից, ու շարունակեն օգվել GG-ից. մինչ օրս յանդեքսից մի անգամ օգտված չկամ։
Հիմա դիմում եմ GG տնօրինությանը. քանի դեռ էս վարորդին չեք հեռացրել ու ներողություն խնդրել Արեն Մկրտչյանից ու մյուսներից, հրաժարվում եմ օգտվել ձեր ծառայություններից ու նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին։ Արեն ջան, քեզ առողջություն. դու էս ընթացքի իմ ամենակարևոր ձեռքբերումներից ես, շարունակում եմ հիանալ քո էնտուզիազմով ու հիանում, թե ինչքան ես սիրում Հայաստանս»։