Ադրբեջանի նախագահի ընտրությունները բացասական է գնահատվել ընտրատեղամասերի 12%-ում. ԵԱՀԿ
13.04.2018
Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ մի շարք ընտրատեղամասերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին խանգարել են: Այս մասին հայտարարել են իրենք՝ դիտորդները:
Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում, պաշտոնական տվյալներով, հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիեւը՝ հավաքելով քվեների 86%-ը:
Դիտորդական առաքելության ղեկավար Կորիեն Յոնիկերը, ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է, որ քվեարկությունը բացասական գնահատական է ստացել ընտրատեղամասերի 12%-ում, որը, նրա խոսքով, «շատ մեծ թիվ է»: Որոշ տեղամասերում մեր դիտորդներին խանգարել են աշխատել»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում լրագրողներն ընդհատել են ԵԱՀԿ դիտորդների նախագահական ընտրություններին նվիրված մամուլի ասուլիսը: Դիտորդներն ընդհատել են մամուլի ասուլիսը, սակայն մի քանի րոպե անց վերադարձել են և շարունակել:
ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցել են իրավունքների և ազատությունների սահմանափակման և անբավարար մրցակցության պայմաններում:
Ընտրություններին մասնակցում էր 8 թեկնածու, սակայն գործող նախագահ Իլհամ Ալիևի ընտրությունը համարվում էր կանխորոշված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ թեկնածուներից մեկը քվեարկել է Ալիևի օգտին: Ընդդիմության հիմնական ուժերը բոյկոտել են ընտրությունները: Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունը կարծում է, որ տեղափոխելով ընտրությունների ժամկետը, նախագահը ժամանակ չի թողել իր մրցակիցներին քարոզչության համար, իսկ գրանցված թեկնածուները չեն կարող իրական մրցակից լինել:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի ընտրությունները բոյկոտող ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Բաքվում ընտրություններից հետո, ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:
BBC-ի ադրբեջանական ծառայության աշխատակիցները խախտումներ են արձանագրել ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում: