Ռուբլու տատանումները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա. նախարար
Վերջին օրերին ռուսական ռուբլին Հայաստանում անկում է գրանցել: Սա ՌԴ-ում դոլարի և եվրոյի ուժեղացման ֆոնին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի խոսքով՝ ռուբլու տատանումները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, բայց այս պահին իշխանությունները որևէ վտանգ չեն տեսնում.
«Կարճաժամկետ կտրվածքով որևէ վտանգ դա չի ներկայացնում, բայց մենք հետևում ենք, ինչպես նաեւ խորհրդակցում ենք մեր ռուս գործընկերների հետ: Նաև ուշադրության կենտրոնում ենք պահելու եւ քնարկումներ ենք ունենալու մեր արտահանողների հետ, որոնք իրենց պայմանագրային հարաբերությունները կարգավորում են հենց ռուսական ռուբլով: Անհրաժեշտության դեպքում կառավարությունն օժանդակության իր գործիքակազմով հանդես կգա»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախարարը:
Նրա խոսքով, Հայաստանում նաև ուշադրությամբ հետեւում են Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին և դրանցից բխող հետևանքներին: Բայց վտանգներ Կարայանը չի տեսնում: