Կառավարությունում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքների տեղաշարժին և վարչարարությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են կառավարությունից:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել ապրանքների հետագծելիության ապահովման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ու փաստաթղթային ուղեկցման, տնտեսվարողների համար բիզնես գործընթացների պարզեցման հարցերին:
Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների և ծառայությունների ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության էլեկտրոնային համակարգի ներդրման նախաձեռնության մասին, որը միության անդամ երկրների կողմից արժանացել է նախնական հավանության:
Նշվել է, որ այժմ պատրաստվում է համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը:
Կարեն Կարապետյանը կարևորել է տնտեսվարողների համար փաստաթղթաշրջանառության պարզեցումը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել համապատասխան հիմնավորումներով առաջարկություններ՝ դրանք ԵԱՏՄ տարբեր հարթակներում քննարկելու համար: