Արմեն Սարգսյանը երդվեց ու ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
09.04.2018
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում է Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստը, որի շրջանակում կանցկացվի Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում է 1300 մարդ, այդ թվում՝ հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, ինչպես նաեւ լրատվամիջոցների ղեկավարներ:
Նշենք, որ արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, մինչ երդմնակալությունը հանդիսավոր կերպով պատվո պահակախմբի ուղեկցությամբ դահլիճ են բերվել պետական եւ հոգեւոր խորհրդանիշները:
Այսօր առավոտյան ՀՀ սահմանադրական դատարանից՝ Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր, որտեղից էլ հասցվել է ՀՀ նախագահի երդմնակալության արարողության վայր:
ՀՀ պետական դրոշը եւ Նախագահական իշխանության խորհրդանշանը Հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին: ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:
Երդմնակալությունը ուղիղ հեռարձակվում է։ ԱԺ հատուկ նիստը բացեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այնուհետեւ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվեց ամբիոնի մոտ՝ ընթերցելու երդման տեքստը։
Ըստ ավանդույթի՝ նախագահը երդվում է` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության վրա։ Նա երդվեց՝ հնչեցնելով հետեւյալ տեքստը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:
ՀՀ նախագահի երդման տեքստն ընթերցելուն հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը տվեց ՀՀ նոր նախագահին՝ Արմեն Սարգսյանին։ «Տիար Արմեն Սարգսյան, մեր օհնություն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ երդմնակալության առիթով։ Մեր երկրի կյանքում դուք արդյունավոր ջանքեր եք բերել՝ որպես ՀՀ վարչապետ, հաջողություններ արձանագրել դիվանագիտական ասպարեզում, նաեւ ազնիվ բարեգործության միջոցով ներդրում բերել ազգային եկեղեցական մեր անդաստանում։
Այսօր երդմնակալության այս արարողությամբ՝ դուք վերահաստատում եք Ձեր ուխտը հայրենիքին ու մեր ժողովրդին ծառայելու, ջանք ու եռանդ բերելու մեր երկրի զարգացման, մեր ժողովրդի բարօրության եւ լուսավոր ապագայի համար, Ձեր հարուստ կենսափորձը մեծապես պետք է նպաստի առավել արգասավորելու ձեր ծառայությունը նախագահի բարձր պատասխանատվության մեջ»,- իր ելույթում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Հայաստանի Կաթողիկոսը նաեւ շնորհակալություն է հայտնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. «Դուք կանգնած եք եղել մեր պետականության վերակերտման ակունքներում։ Ձեզ վիճակված էր դժվարին պայմաններում առաջնորդել մեր երկիրը, ջանքեր բերելու միջազգային ասպարեզում մեր պետության հեղինակության բարձրացման, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման համար։ Մաղթում ենք Ձեզ արեւշատ կյանք»։
Մինչ Կաթողիկոսի ելույթը, նկատենք, Արմեն Սարգսյանը երդվել էր. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում։ Աստված ինձ օգնական», - հայտարարեց Կաթողիկոսը:
Այս պահին արդեն պաշտոնը ստանձնած նախագահը իր առաջին ուղերձն է հղում ժողովրդին: