ՄԻԵԴ-ի հերթական վճիռը՝ կառավարությունը ՀՀ քաղաքացուն կվճարի 2410 եվրո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: ՀՀ քաղաքացի Կարեն Պողոսյանին Հայաստանի կառավարությունը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի 2410 եվրո: Այս մասին tert.am-ը տեղեկացել է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից:
2009 թվականի նոյեմբերի 18-ին դիմումատու Կարեն Պողոսյանը հայց է ներկայացրել արդարացի փոխհատուցման պահանջով: Նա դիմումում նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության իրավունքի խախտում։
Նշենք, որ դիմումատուն առանց թույլտվության Երևանի արվարձաններից մեկում 1000 քմ մակերեսով հողատարածքի վրա կառուցել է 500 քմ ընդհանուր մակերեսով շինություն, որը բաղկացած է եղել պահեստից ու անավարտ շինությունից:
2001 թվականին դիմումատուն հատուկ հայց է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել այդ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը, ինչպես նաև հողամասի նկատմամբ իր օգտագործման իրավունքը: Քաղաքացու հայցը բավարարվել է, և Անշարժ գույքի կադաստրից նրան տրվել է սեփականության վկայական:
Սակայն 2009թ.-ին գլխավոր դատախազի տեղակալն առաջին ատյանի դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել այն և մերժել դիմումատուի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը: Վերաքննիչ բողոքները բավարարվել է։
2016 թվականի մարտի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԴ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։
Դիմումատուի հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար դիմումատուին վճարել 1.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1.410 եվրո՝ դատական ծախսերի համար։ Նշենք, որ դիմումատուն պահանջել էր 92 000 եվրո: