Բաքուն շարունակում է մերժել ՄԽ՝ ԼՂ հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված առաջարկները. ԱԳՆ
Ադրբեջանը ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով՝ դպրոցի բակում երեխայի սպանությամբ, ԴԱԷՇ-ի ոճով գլխատումներով, դիակների խեղումներով, իրենց տան մեջ տարեցների խոշտանգմամբ ու սպանությամբ: Այս մասին Արմենպրեսի հարցին ի պատասխան նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ոչ միայն այս զազրելի ոճրագործությունների իրականացման, այլև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր տեղի ունեցած հայկական կոտորածների համար։ Բաքուն փորձում է դրանցից խուսափել սովորական դարձած ստի ու կեղծիքի միջոցով»,- հայտարարել է նա:
Բալայանի խոսքով, ակնհայտ է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը հետևանքն է այն ագրեսիայի ու էթնիկ զտման քաղաքականության, որն Ադրբեջանը 30 տարի ի վեր իրականացնում է Արցախի ժողովրդի հանդեպ` փորձելով ուժի սպառնալիքի և դրա կիրառման միջոցով ճնշել նրանց ինքնորոշման, ազատ ապրելու ու արարելու միջազգային իրավունքով ամրագրված անքակտելի իրավունքը:
«Բաքուն շարունակում է մերժել Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված առաջարկները, նաև հրաժարվելով իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումները` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակաբար խախտելով 1994-95թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման մասին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված եռակողմ, անժամկետ համաձայնագրերով իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Դրա վառ օրինակն էր երկու տարի առաջ Արցախի դեմ սանձազերծած Ադրբեջանի նոր ագրեսիան»,- հավելել է ԱԳՆ խոսնակը: