Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ընթանում է ըստ պետական ծրագրի: Այս հարցում մեր հիմնական դաշնակիցը և գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որն այսօր աշխարհում սպառազինության խոշորագույն մատակարարներից մեկն է, և որի հետ մենք ունենք հստակ պայմանավորվածություններ։ Այս մասին ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ նախագահի, այդ պայմանավորվածությունները մեզ հնարավորություն են տալիս ամենամրցակցային պայմաններով ձեռք բերելու արդիական սպառազինություն: Այլ հնարավորություններ Հայաստանը, իհարկե, նույնպես օգտագործելու է՝ հաշվի առնելով տարբեր երկրների հետ համագործակցության հեռանկարները:
«Սպառազինությունների մրցավազքում մենք վարում ենք ոչ թե քանակին քանակով հակադարձելու քաղաքականություն, այլ շեշտը դնում ենք սպառազինության արդյունավետության վրա: Մենք մեր ձեռքի տակ ունենք և մշտապես ունենալու ենք անհրաժեշտ միջոցներ անհրաժեշտ պահին հակառակորդին զսպելու համար: Երբ մենք խոսում ենք զսպման մասին, բնական է, որ դա չի նշանակում հարձակումը կասեցնել, դա ավելին է նշանակում՝ ամեն պահի հասցնել այնպիսի հակահարձակողական հարվածներ, որպեսզի նրանք այլևս ցանկություն չունենան խախտելու դեռևս 1994-95թթ. ստորագրած պայմանագրի պարտավորություններն ու դրույթները»,- ասել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է բարձրացնել յուրաքանչյուր զինծառայողի գիտակցական վերաբերմունքը սպառազինության և ռազմական տեխնիկայի նկատմամբ։ Նա իր զենքը կամ ռազմական տեխնիկան պետք է կարողանա գործածել ոչ միայն հմտությամբ և պարտադիր կանոնների պահպանմամբ, այլև հոգածությամբ և խնամքով: Յուրաքանչյուր զինվորական պետք է քաջ գիտակցի, որ մարտական խնդիրը կատարելիս՝ զենքն ամենահավատարիմ զինակիցն է:
Անդրադառնալով ռազմարդյունաբերությանը նա նշել է, որ դա Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:
«Հայրենական ռազմարդյունաբերական արտադրությունը պետք է լինի մրցունակ։ Այս նպատակով պետք է ստեղծվեն որակական և գնային առումով հենց այդպիսի նմուշներ՝ ստեղծելով նախադրյալներ նաև արտահանման համար: Մեր նպատակն է, որ ռազմական արդյունաբերությունը դառնա ոչ միայն մեր զինված ուժերի կարևորագույն մատակարարներից, այլև երկրի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից մեկը: Պետք է ներգրավել երիտասարդ գիտնականների, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են նորը կառուցելու՝ իրացնելով առկա ներուժը։ Ռազմարդյունաբերության ոլորտում գիտական վաշտ ձևավորելու գաղափարն իրատեսական է: Կարևորում եմ նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը, համատեղ նախագծեր ու միասնական արտադրություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքները»,- նշել է նա:
ՀՀ նախագահի խոսքով, անհրաժեշտ է խորացնել ռազմադիվանագիտական կապերը՝ հավատարիմ մնալով մեր դաշնակցային պարտավորություններին: Ըստ նրա, մեծ է խաղաղապահ առաքելության դերը հայոց բանակի ու պետության միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում, որի շնորհիվ մենք ոչ միայն ընդարձակում ենք ռազմական ոլորտում մեր միջազգային համագործակցության հորիզոնները, այլև ձեռք ենք բերում նոր բարեկամներ և գործընկերներ։
«Մենք ունենք լայն հնարավորություններ ռազմական կրթության ոլորտում. ի լրումն հայաստանյան ուսումնական հաստատությունների՝ մեր երիտասարդները հնարավորություն ունեն կրթություն ստանալ Ռուսաստանում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլուր: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն ապահովում է բարձրակարգ պայմաններ և բարձրակարգ դասախոսական կազմ: Նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությունը՝ ապագա ունենալու մեր կարևոր երաշխիքն է»,- հավելել է Սերժ Սարգսյանը: