23.11.2024
Երեւանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել. ՄԻՊ-ը վտանգավոր միտում է տեսնում
prev Նախորդ նորություն

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, նորանոր մեծ հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն:


Հանրապետության նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հարգելի’ Վլադիմիր Վլադիմիրի,


Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:


Կայացած քվեարկության արդյունքները վկայում են երկրի համակողմանի զարգացմանը, տնտեսության արդիականացմանը և գլոբալ գործընթացներում դերակատարության շարունակական բարձրացմանն ուղղված` Ձեր ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների լայն աջակցության մասին:


Հայաստանին և Ռուսաստանին միավորում է եղբայրական ժողովուրդների` ժամանակի փորձություն անցած բարեկամությունը: Բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտաքին քաղաքական կոորդինացման, անվտանգության ոլորտում արգասաբեր համագործակցության, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի համատեղ իրականացման շնորհիվ մեր երկրների դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին էլ ավելի են ամրապնդվել: ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ հարթակներում փոխգործակցությունն էապես հարստացնում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ողջ համալիրը:


Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Ռուսաստանի կարևոր և հետևողական միջնորդական ջանքերը՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:


Մենք հետագայում ևս հաստատակամորեն մտադիր ենք համակողմանի զարգացնել Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունները միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, ինչը բխում է մեր ժողովուրդների արմատական շահերից՝ տարածաշրջանային անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովման նպատակներից»: