27.11.2024
Հարցում.Թուրքերի գրեթե 50%-ը վստահում է Էրդողանին
prev Նախորդ նորություն

Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է. Կոբախիձեն՝ ՀՀ դեսպանին

Մարտի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:


Խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ դեսպանին, նշեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, ունենալով պատմական խորն արմատներ, այսօր արձանագրում են վերընթաց զարգացում տարբեր ուղղություններով, որոնցից արաժանահիշատակ է տարեցտարի կայուն աճ գրանցող երկկողմ տնտեսական հարաբերությունները։


Դեսպան Սադոյանն, իր հերթին, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, նշեց, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով երկու խորհրդարանների մշատական հանձնաժողովների միջև սերտ համագործակցության կարևորությունը։


Կողմերը քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այդ համատեքստում երկուստեք շեշտվեց բարեկամություն խմբերի միջև շփումների և փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը:


Իրակլի Կոբախիձեն, անդրադառնալով զբոսաշրջության թեմային, մեծ գոհունակությամբ խոսեց այն մասին, որ Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկն է՝ հավելելով, որ վրացական կողմը դրան մեծ կարևորություն է տալիս։


Զրուցակիցները երկուստեք նշեցին, որ երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացումը լայն հնարավորություն կստեղծի նաև մարդկային շփումների համար, որը ևս կխթանի երկկողմ կապերի խորացմանը։


Խորհրդարանի նախագահը, խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության մասին, նշեց, որ ցանկալի կլիներ, որպեսզի հայկական և վրացական գիտական շրջանակների միջև շփումներն ավելի ակտիվանան և այդ ուղղությամբ համատեղ նոր նախագծեր ու համագործակցության նոր հարթակներ ձևավորվեն։


Ռուբեն Սադոյանը խորհրդարանի նախագահին ներկայացրեց նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների և կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը: