Սաուդյան Արաբիայի թագաժառանգը «տխմար եւ միամիտ» մարդ է. Իրան
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը «տխմար եւ միամիտ» մարդ է, ով քաղաքականության մասին պատկերացում չունի, բացի ծաղրիչ մեկնաբանություններից, որոնք արվում են անհեռատեսության պատճառով:
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին՝ մեկնաբանելով արքայազնի հարցազրույցը, որի ժամանակ նա Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլահ Ալի Խամենեին «նոր Հիտլեր» է անվանել, եւ ասել, որ եթե Թեհրանն ունենա միջուկային զենք, Ռիադը նույնպես կունենա այն: հաղորդում է Press.tv-ն:
Կասեմիի խոսքով՝ Իրանը հարգանք է ցուցաբերում իր բոլոր հարեւանների եւ երկրների հանդեպ, անկախ նրանց գտնվելու վայրից, ռազմական կամ տնտեսական ուժից, Իրանը միշտ մտածել է հզոր, անվտանգ եւ կայուն տարածաշրջան ստեղծելու, այլ ոչ թե միայն երկրի մասին: Կասեմին նշել է, որ Իրանը տարածաշրջանի բոլոր երկրներին, հատկապես մի քանի անբարյացակամ եւ համառ թշնամիներին երկխոսության եւ հանդուրժողականության կոչ է անում:
Մեկնաբանելով արքայազնի նկատողությունն այն մասին, որ իրանական բանակը իսլամական աշխարհում հինգ լավագույն բանակների մեջ չէ, Կասեմին խորհուրդ է տվել Ռիադին լռել, նշելով, որ Եմենի բնակիչների երեքամյա պաշարումից հետո Սաուդյան Արաբիան պետք է ծնկի գա Եմենի ժողովրդի դիմակայության առաջ: