Ադրբեջանը և Իրանը կարող են Ասիան և Աֆրիկան Եվրոպային կապող հիմնական երթուղի լինել. Ռուհանի
Ադրբեջանն ու Իրանը կարող են վերածվել Ասիան և Աֆրիկան Եվրոպային կապող հիմնական երթուղու, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ երեքշաբթի օրը Թեհրանում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ:
Կողմերն արդեն կարևոր քայլեր են ձեռնարկել տրանզիտային ուղևորափոխադրումների ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ, նշել է Իրանի նախագահը:
Խոսելով երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող համագործակցության մասին՝ Ռուհանին շեշտել է, որ կողմերն ամուր կապեր են հաստատել դեղագործական և ավտոմոբիլային արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում:
Նա նաև բարձր է գնահատել երկու երկրների դեսպանների և պաշտոնատար անձանց ջանքերը միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության ուղղությամբ:
Նշելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերը Բաքու, Ռոհանին հույս է հայտնել, որ առաջիկա այցը կնպաստի երկու երկրների միջև կապերի, համագործակցության և բարեկամության ամրապնդմանը: