23.11.2024
Լիբանանի «The EuroMena Funds»-ը Հայաստանում գործունեություն կծավալի
prev Նախորդ նորություն

Էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Ստոկհոլմում պաշտոնական այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայում առաջատար վերլուծական կենտրոնների՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ։


Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձավ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:


Արտգործնախարարն արժևորեց Շվեդիայի հետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ կարևորելով փոխգործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների և, մասնավորապես, Արևելյան գործընկերության շրջանակներում: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում համագործակցության հեռանկարներին:


ԱԳ նախարարը ներկաներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:


Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին կովկասյան և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին, միջազգային ասպարեզում գործընթացներին։