Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Այս մասին 2rd.am-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում»,- ասել է նա:
Վիկտոր Սողոմոնյանը նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ մի քանի օր առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Սողոմոնյանը նշել է, որ պատգամավորի գործողությունները իրեն բացարձակապես չեն հետաքրքրում:
«Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»,- շեշտել է նա:
Ինչ վերաբերում է «ցյուրիխյան արձանագրությունների» կնքման ընթացակարգի դադարեցմանը, Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ասել է, որ ՀՀ նախկին նախագահն այս կապակցությամբ չի պատրաստվում հանդես գալ հարցազրույցով կամ հայտարարությամբ.
«Նախագահ Քոչարյանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և մասնավորապես՝ ցյուրիխյան արձանագրությունների մասին իր տեսակետը հայտնել է դեռևս 2008-2009 թվականներին»,- հավելել է Սողոմոնյանը: