Մեծ Բրիտանիան պատրաստակամ է շարունակել համագործակցությունը պաշտպանության բնագավառում
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին, ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեվիդ Էթելին և ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ուիլիամ Ջորջին` վերջինիս Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին ներկայացրել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության այն ուղղությունները, որոնք հատկապես կարևորվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք են` զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդումը, բարեվարքությունը, ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությունը, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև կանոնավոր ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցությունների անցկացումը և այլն:
Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է պաշտպանության բնագավառում համագործակցությունը շարունակելու` բրիտանական կողմի պատրաստակամությունը և նշել, որ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը` հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգին Հայաստանի Հանրապետության անցումը և այդ ուղղությամբ Միացյալ Թագավորության մեծ փորձը: