24.11.2024
Կարեն Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
prev Նախորդ նորություն

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլին իշխանությունը հանձնելու է վարչապետ Սերժ Սարգսյանին. ԱՆԽ

Սերժ Սարգսյանը ապրիլին խաղաղ ճանապարհով իշխանությունը հանձնելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»՝ ներկայացնելով Սերժ Սարգսյանի իշխանության տասնամյակը:


Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Ընտրվեց Հայաստանի նոր՝ չորրորդ նախագահը։ Ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա ժամկետը։


Ցանկացած երկրում նախագահների պաշտոնավարման ավարտին հետահայաց վերլուծություններ ու քննարկումներ են լինում՝ հասկանալու համար արդյունքները, ձեռքբերումները, լուծված կամ չլուծված խնդիրների ծավալը, իրականացված քաղաքականությունը՝ ոչ թե անձերի, այլ՝ երկրի, հասարակության ընդհանուր պատմության մի փուլի վերլուծություն։


Սա կարեւոր մշակույթ է, որը կարող է ծառայել նաեւ որպես որեւէ հասարակության հասունության ցուցանիշներից մեկը։ Կա՞ն արդյոք նման քննարկումներ այսօր, որոնք մեզ թույլ կտային հասկանալ, թե ինչպիսին էր մեր այս ընդհանուր պատմության տասը տարին` անկախ մեր հայացքներից եւ դիրքորոշումներից։ Սովորե՞լ ենք արդյոք լուրջ վերաբերվել մեր պատմությանը։ Սովորե՞լ ենք սառը, ռացիոնալ գնահատականներ տալ, սովորե՞լ ենք ավելի հաշվենկատ ու սթափ նայել մեր նոր պատմությանը։


Գուցե Հայաստանում նման մթնոլորտի բացակայությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլին խաղաղ ճանապարհով իշխանությունը հանձնելու է վարչապետ Սերժ Սարգսյանին, եւ քաղաքական համակարգն ու հանրությունը սա համարում են սահուն շարունակություն, այլ ոչ՝ մի փուլի ավարտն եւ նորի սկիզբը։ Սա, այնուամենայնիվ, պատճառներից միայն մեկն է։


Հայաստանն իր այսօրվա վիճակում պարտադրված է գնալ հաշվարկված, տեսանելի փոփոխությունների, եւ դրա համար շատ կարեւոր է՝ վերլուծել սեփական նորագույն պատմության էջերը, նորագույն իրականությունը։ Իրականություն, որտեղ յուրաքանչյուրն իր մասնակցությունն ունի։ Կատարված մեծ ու փոքր իրադարձությունները համամասնորեն ազդել են յուրաքանչյուրի կյանքի վրա։ Իշխանության կողմից ընդունված որոշումները փոփոխել են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներ։ Տասնամյակը եղել է եւ՛ բարդ որոշումների, եւ՛ հաջողությունների, եւ՛ լուրջ խնդիրների, եւ՛ սխալների, եւ՛ կիսատ մնացած գործերի, եւ՛ նոր ծագած խնդիրների փուլ։ «100 տարվա հետեւությունները» ծրագրի շրջանակներում մենք առաջարկում ենք քննարկել նաեւ վերջին տասնամյակը` 100 տարվա տասը տոկոսը՝ առանց ավելորդ զգացմունքայնության»:


Նշենք, որ «Այլընտրանքային նախագծեր խումբը» ստեղծել են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը: