22.11.2024
Հայաստանը մրցունակ է` ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճել է 50%-ով. Թավադյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում 2017-ին ամենաբարձր ցուցանիշներն է արձանագրել. Սաֆարյան

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, տնտեսագետներ Աշոտ Թավադյանն ու Թաթուլ Մանասերյանը տնտեսագիտական հետազոտություններ են կատարել «Հայաստանի տնտեսությունը 2017 թ-ին ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության համատեքստում» խորագրով: Ստացված արդյունքները վկայում են, որ 2017 թվականին Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշներն է գրանցել տնտեսության մի շարք կարևոր ոլորտներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 7,7%, իսկ ՀՆԱ-ի աճը՝ մոտ 5,2%:

«Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճի միտումներ է ցույց տվել տնտեսության մի շարք կարևորագույն ճյուղերում: Այդպես, երկնիշ ցուցանիշով աճել են Հայաստանի արդյունաբերությունը (12,6%), առևտուրը (14%), արտահանումը, ներմուծումը, վերականգնվել են շինարարության ծավալները ՝ 2.2%-ով: Անկում է արձանագրվել միայն գյուղատնտեսության ոլորտում` 2016 թ-ի համեմատ նվազումը կազմել է 3%: Սակայն միաժամանակ գյուղատնտեսական ապրանքների և դրանց վերամշակված արտադրանքի ծավալները ԵԱՏՄ երկրներ էապես աճել են»,- ասաց Սաֆարյանը:

Փորձագետը նշեց, որ 2017 թվականը լավ տարի էր Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների համար և, օրինակ, 2015 և 2016 թթ-ից հետո առաջին անգամ Ռուսաստանում արձանագրվեց 1%-ից ավելի տնտեսական աճ, երկիրը կանգնեց կայուն տնտեսական զարգացման ուղու վրա, ինչը դրական աղդեցություն ունի ԵԱՏՄ տարածքի փոքր տնտեսություն ունեցող երկրների համար:

Արամ Սաֆարյանը նշեց, որ ավելացել են նաև ՌԴ-ից Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալները` աճը կազմել է 7 տոկոս:

«Մենք գտնում ենք, որ առաջիկա տարիներին Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի համար ամենագրավիչ աշխատանքային շուկան և հայրենի կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն պետք է լինի, որ թե’ Ռուսաստանում, թե’ ԵԱՏՄ-ում պարզ բանվորական աշխատուժից բացի, ժամանակավոր կազմակերպվեն նաև բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների աշխատանքի տեղավորման հարցը: Դա լուրջ ռեսուրս է, որը պետք չէ անտեսել»,- շեշտեց փորձագետը:

Ամփոփելով իր խոսքը, Արամ Սաֆարյանը նշեց, որ թեև վերլուծաբանները գտնում են, որ 2018 թվականին Հայաստանի արտահանման ֆիզիկական ընդլայնումը կսպառվի, ինչի արդյունքում երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի մոտ 2,5%, իսկ 2019 թ-ին ՀՆԱ-ն կրկին կաճի 5% ավելի ծավալով, սակայն Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագետների կանխատեսումներով՝ այն ներդրումների ծավալը, որը եղել է 2017 թվականին, եթե պահպանվի նաև 2018 թվականին կապահովի, որպեսզի տարին Հայաստանի համար լավը լինի ու աճի արձանագրված միտումները լինեն շարունակական:

«2018 թ. Հայաստանը հնարավորություններ ունի միջազգային հարթակներում իր մասին հպարտությամբ հայտարարելու: Լրանում է Արեւելյան Հայաստանի Ռուսական կայսրությանը միասնալու 190-ամյակը: Այդ պատմական իրադարձության ճակատագրական դերը հայության համար ժամանակին մանրակրկիտ ուսումնասիրվել եւ բարձրաձայնվել է: Մենք Ռուսաստանի հետ մեկ քաղաքակրթական, ռազմաքաղաքական, մշակութային տարածքում ենք եւ այս իրողությունը պարտավոր ենք ծառայեցնել մեր հետագա զարգացմանը, ժողովրդի բարգավաճմանը: Հակառակ հայ-ռուսական դաշինքի ու բարեկամության հակառակորդների ակտիվ խոսքին ու գործին, մեր ժողովուրդները իրար են կապված միլիոնավոր թելերով եւ Հայաստանը ուղղակի չի կարող չլինել Ռուսաստանի վստահելի բարեկամն ու դաշնակիցը: Թե այդ իրողության մեջ ինչպե՞ս ենք ներկայանալու արժանապատվորեն եւ հպարտՙ մեր քաղաքական, տնտեսական ու գիտամշակութային վերնախավերի շնորքի հարցն է»,- հավելեց նա: