Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանի «վերադարձի» մասին հայտարարությունը չի օգնում հայ-ադրբեջանական լարվածության նվազեցմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Երեւանը «վերադարձնելու»Ալիեւի հայտարարությունը:
«Մոսկվայում, իհարկե, տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթի մասին լուրերը: Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանի եւ հարեւան Հայաստանի հետ հարաբերությունները չափազանց լարված են: Այդ հայտարարությունը ակնհայտորեն չի օգնում լարվածությունը նվազեցնել», - ասել է Զախարովան:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը, Զախարովան նշել է, որ Մոսկվան անկեղծորեն հույս ունի, որ այս հակամարտությունը կլուծվի: «Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրա վրա, եւ որ ամենակարեւորն է, մենք ակտիվորեն մասնակցում ենք այն բոլոր աշխատանքների իրականացմանը, որոնք նշվել են կողմերը»:
Փետրվարի 8-ին Իլհամ Ալիևը, որը վերջերս անսպասելի որոշում կայացրեց հոկտեմբերին նախատեսվող նախագահական ընտրությունները տեղափոխել ապրիլ, «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «Երևանն Ադրբեջանի պատմական հողն է, և պետք է այն վերադարձնել ադրբեջանցիներին»: Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել էր այս հայտարարությանը՝ ենթադրելով, որ նա այդպիսով սկսել է իր «նախընտրական» քարոզարշավը:
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունում Զախարովայի հայտարարությունն ընկալել են, որպես Բաքվին ուղղված հասցեական մեղադրանք:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան շատ ուղիղ, հստակ մեղադրանք հնչեցրեց Ադրբեջանի հասցեին՝ նշելով որ նման հայտարարությունները չեն բխում խաղաղության շահերից և ավելի են լարում իրավիճակը: Այս մասին փետրվարի 15-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա դիվանագիտական լեզվով ուղիղ հասցեական մեղադրանք էր Ադրբեջանի ղեկավարությանն ու միշտ չէ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները կամ դրանց դիվանագիտական ներկայացուցիչները հստակ, հասցեական գնահատական են տալիս», - ասաց նա՝ շեշտելով, որ Զախարովայի գնահատականը մեղադրանք էր Ադրբեջանին, որը օրեր առաջ խոսում էր ոչ թե բանակցային գործընթացը շարունակելու, այլ Երևանը, Զանգեզուրը նվաճելու նրանց նպատակի մասին:
«Այս իմաստով կարող ենք նշել, որ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը բխում է տարածաշրջանային խաղաղության շահերից և չի բխում Ադրբեջանի նացիստական նպատակներից ու առայժմ ՌԴ-ի այս գնահատականը մնում է միակ հասցեական գնահատականը Ադրբեջանի նախագահի հայատյաց և ֆաշիստական հայտարարությանն ի պատասխան»,-ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը հույս հայտնեց, որ Զախարովայի օրինակը վարակիչ կլինի միջազգային մյուս գործընկերների համար, որ ունենան քաղաքական խիզախություն այս բառերով առնվազն իրերն իրենց անուններով արտահայտելու: