Թուրքիան պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերապրում են դժվար օրեր: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:
Անկարան կամ կվերականգնի իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, կամ վերջնականապես կխզի դրանք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն մամլո ասուլիսի ընթացքում՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա այցելությունից առաջ:
Արտգործնախարարն ընդգծել է, որ թուրքական կողմն ակնկալում է հստակ քայլեր Միացյալ Նահանգների կողմից, որոնք կվերականգնեն փոխվստահությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ:
«Բնական է, որ կորել է վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ: Այն պետք է վերականգնվի: Մենք չենք ցանկանում այլեւս լսել խոստումներ եւ երաշխիքներ: Ցանկանում ենք հստակ քայլեր տեսնել: Մենք կքննարկենք դա Թիլերսոնի այցի ընթացքում, քանի որ մեր հարաբերությունները չափազանց վճռական կետի են հասել: Մենք կամ կվերականգնենք դրանք, կամ կխզենք վերջնականապես: Չկա այլ տարբերակ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Սիրիայի Աֆրինի շրջանում քրդական զորամիավորումների դեմ թուրքական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունները սրել են թուրք-ամերիկյան հարաբերությունները:
«Մենք այլեւս չենք ուզում խոստումներ, ցանկանում ենք հստակ քայլեր տեսնել: ԱՄՆ-ի հետ համապատասխան հարցեր քննարկելու համար՝ անհրաժեշտ է վերականգնել փոխվստահությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիան երբեք չի դիմել ու չի դիմի որեւէ գործողության ընդդեմ դաշնակիցների ու բարեկամների: Սակայն մեր դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, թույլ է տվել մեծ սխալներ ու բացթողումներ»,- ասում է արտգործնախարար Չավուշօղլուն:
Նախագահ Էրդողանը Աֆրինի գործողությունների սկզբից պնդում է, որ թուրքական բանակը ռազմական գործողությունները կտեղափոխի նաեւ դեպի Մանբիջ քաղաքը, ուր տեղակայված են ամերիկյան զորքեր:
Մանբիջի նկատմամբ վերահսկողության հարցը էլ ավելի է սրել հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ:
Վերջերս անդրադառնալով Սիրիայի Մինբիջի քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու դեպքում տեղի ամերիկացի հրամանատարների հայտարարությանն առ այն, որ նրանք խիստ հակահարված կտան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է. «Ովքեր ասում են, թե խիստ հակահարված կտանք, նրանք հաստատ կյանքում օսմանյան ապտակ չեն կերել»,–ասել է Էրդողանը։
Նշենք, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե պատրաստվում են Սիրիայի Մինբիջ մտնել եւ «մաքրել ահաբեկիչներից»։ Մինբիջում ամերիկյան հրամանատարն էլ պատասխանել է, որ Թուրքիայի կողմից ցանկացած հարձակում խիստ հակահարված կստանա։
Բացի այդ, վերջին շրջանում Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները զգալիորեն լարվել էին նախ այն բանից հետո, երբ կողմերը սահմանափակել էին միմյանց վիզաների տրամադրումը քաղաքացիներին, իսկ այնուհետեւ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո: