ԱԳ նախարարը Բրիջիթ Բրինքին պատմել է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մասին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին:
Արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Նա հավելել է, որ բարձրաստիճան շփումները լավ հնարավորություն են ընձեռում քննարկելու հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության օրակարգային հարցերը, փոխգործակցության առավել խորացման ու զարգացման հեռանկարները:
Իր հերթին Բրիջիթ Բրինքը նշել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները և հետաքրքրված է տարբեր բնագավառներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընդլայնմամբ։ «Ես հպարտ եմ Հայաստանի հետ մեր տնտեսական գործընկերության ձեռքբերումներով: Մեր երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընթացքում աճել է ավելի քան 35%-ով, և մենք շարունակում ենք ամերիկյան նոր և մեծածավալ ներդրումների ականատեսը լինել Հայաստանում», - շեշտել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը։
Հանդիպանը մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեության, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ գործադրվող ջանքերը: Արտգործնախարարը հավելել է, որ տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմի ապակառուցողական կեցվածքը խաթարում է գործընթացը և թույլ չի տալիս առաջընթաց արձանագրել:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ակտիվ մասնակցությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։