24.11.2024
Գերմանիան նոր դեսպան է նշանակել Հայաստանում
prev Նախորդ նորություն

ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելանքի վերանայման գործընթացը բարելավվել է. Եգանյան

ՌԴ-ից հնարավոր արտաքսման ենթակա 2.7 միլիոն օտարերկրյա քաղաքացիների թվում կան նաև ՀՀ քաղաքացիներ: Այդ մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:

ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումից հետո Հայաստանի ավելի քան 50-60 հազար քաղաքացիներ բարդ իրավիճակում են հայտնվել: Նրանք մեկնել են Ռուսաստանի տարածքից, հիմնականում գտնվում են Հայաստանում եւ չեն կարող հետ վերադառնալ այնտեղ, քանի որ խախտել են այդ երկրի միգրացիոն օրենսդրության պահանջները:

Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման հետեւանքով որոշակի խախտում թույլ տված քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ըստ ռուսական աղբյուրների՝ ներկայումս մոտ 3 մլն մարդ հայտնվել է Ռուսաստանի օրենսդրական նորմերը խախտողների թվում: Նրանց նկատմամբ մինչեւ 10 տարվա արգելք կկիրառվի: Նրանցից ավելի քան 180 հազարը Հայաստանի քաղաքացիներ են:

«Կատեգորիա առաջին. անձինք, որոնք արդեն դուրս են եկել Ռուսաստանից և արգելանքն իրենց մաշկի վրա զգում են և նրանց թիվն է` 1. 46 միլիոն: Եվ կատեգորիա երկրորդ. անձինք, որոնք խախտումներ են կատարել, բայց շարունակում են մնալ Ռուսաստանում: Եվ երկու կատեգորիաներում էլ ՀՀ քաղաքացիներ կան»,- մանրամասնեց միգրացիոն ծառայության ղեկավարը, փոխանցում է Tert.am-ը:

Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել էր, որ Ռուսաստանից կարող են արտաքսել, այսպես կոչված, ռիսկային խմբում գտնվող 2,7 միլիոն օտարերկրացու՝ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար. նրանք գերազանցում են աշխատանքային գործունեության համար ձևակերպված փաստաթղթերի բացակայության դեպքում գտնվելու 90-օրյա ժամկետը:

Գագիկ Եգանյանը չի կարող ասել` որ կատեգորիայում քանի հայաստանցի է ներառված, քանի որ հաշվառումը ռուսական կողմի մոտ է: Նա, սակայն, հիշեցրեց, որ առաջին խմբի կատեգորիայում, այսինքն` արգելանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 30-32 000 է:

«Բայց ի տարբերություն 1 400 000 այլ քաղաքացիների, Հայաստանի համար, բոլորդ գիտեք, որ մշակված է արգելանքի որոշումը վերանայելու մեխանիզմ»,- ասաց Գագիկ Եգանյանը:

Նրա տեղեկացմամբ` արդեն իսկ դիմել է նման արգելանքի տակ գտնվող շուրջ 10 000 քաղաքացի, որոնց «մեկիկ-մեկիկ» բացատրվել է մեխանիզմը, կարգը, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացվեն, ինչից հետո բոլոր դիմումները հավաքագրվել են և շաբաթական 150-200 անձի դիմում հաճախականությամբ գործերը` կից փաստաթղթերով ՀՀ-ից ուղարկվում են ՌԴ` խնդրանքով, որ արգելանքը հանվի:

Եվ եթե նախորդ տարվա հունիսին, երբ այս համակարգը ներդրվեց, 5 դիմումից 1-ն էր դրական պատասխանի արժանանում, այսինքն` 21 տոկոսը, ապա հիմա, ըստ Եգանյանի, դրական պատասխանների թիվը հասել է 63 տոկոսի: