25.11.2024
Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու ժամանակն է. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Մամուլ․ ՀՀ-ում պատրաստավում են պալատական հեղաշրջմա՞ն. խոսակցությունները չեն դադարում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում կուլիսներում չեն դադարում խոսակցությունները, որ որոշ ուժեր ընդհատակյա աշխատանքներ են տանում եւ փորձում են ապրիլի 9-18-ն ընկած 8-օրյա ժամանակահատվածը, երբ Սերժ Սարգսյանը դեֆակտո որեւէ պաշտոն չի ունենալու, պառլամենտում ուժերի բալանսը փոխել, նրան դեմ քվեարկողների «բանակ» ստեղծել, բողոքի ակցիաներ կազմակերպել, կրկնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի սցենարը:


Հիշեցնենք` Սահմանադրության 148-րդ հոդվածի 2-րդ կետը ապրիլի 9-ից «հետո»-ի համար նախանշում է. «Յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի նախագահը խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա առաջադրում է պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող վարչապետի թեկնածուին»: Ընդ որում՝ այդ օրերի ԺՊ վարչապետն ունի նոր Սահմանադրությամբ վերապահված բոլոր լիազորությունները, այդ թվում եւ` ուժային կառույցները վերահսկելու: Կարո՞ղ ենք հիպոթետիկ պատկերացնել միտինգներ, ցույցեր` ընդդեմ Սերժ Սարգսյանի, այդ թվում եւ` անկարգություններ, Բաղրամյան 26-ի գրոհ, իսկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրահանգ չի տալիս ուժայիններին` ճնշել միտինգավորներին, կանխել բողոքի «թափ» հավաքող ալիքը՝ սադրեցինք մի բարձրաստիճան պաշտոնյայի:


«Կարող եք, բայց դա համարժեք կլինի «վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին» մոտիվին. ինքներդ ասացիք` Սահմանադրության մեջ գրված է` 7-օրյա ժամկետ, իսկ ինչո՞ւ չեք կարծում, որ ամսի 18-ին է ԱԺ նախագահն առաջադրելու վարչապետի թեկնածուին, գուցե հենց ամսի 10-ին կառաջադրի, ու նույն օրն էլ նա կընտրվի»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, ապրիլի 9-ը երկուշաբթի է, 10-ը` երեքշաբթի»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը նախօրեին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի գրասենյակներ էր այցելել «Cadillac Escalade» ավտոմեքենայով: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ «55 VV 077» պետհամարանիշով «Cadillac Escalade» ավտոմեքենայի սեփականատերը Արմեն Սարգսյանի կինն է՝ Նունե Սարգսյանը: Սարգսյանների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերից որեւէ մեկում այս մեքենայի մասին հիշատակում չկա: Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգող Հասմիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ում է պատկանում նշված մեքենան: «Ավոտմեքենան ընտանեկան սեփականություն է»: Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հայտարարագրված չէ, Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց, որ մեքենան իսկապես Նունե Սարգսյանի անունով է ձեւակերպված, սակայն հայտարարագրում բացակայում է, քանի որ ձեռք է բերվել 2013 թվականից առաջ, իսկ պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք ներկայացնում են միայն տարեկան հայտարարագիրը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը: «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքն ամբողջությամբ քանդվելու է: Նոր պլանով նախատեսվում է կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օպտիկամանրաթելային սենսորներ կանցկացվեն ցանկապատի վրայով եւ կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Ըստ պլանի՝ ուղեւորահոսքի կանխատեսվող աճի եւ նոր վազքուղու համար ներդրումների պահանջին համապատասխան կավելանա կառամատույցի եւ օդանավերի կայանատեղերի վերանայման պահանջը: Բնականաբար, հսկայական ներդրումներ են արվելու»:


«Հրապարակ» թերը գրում է. «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին օրերս առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնում եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում արեւային կայաններ տեղադրելու, ինչպես նաեւ շենքային պայմանների բարելավման համար: Այս որոշումը նշված բուժհիմնարկներում բողոք է առաջացրել։ Առաջին հայացքից թվում է, թե նախարարությունը դրական գործ է արել՝ փորձելով բարելավել պայմանները, սակայն պարզվում է՝ խնայողությունները կատարվել են հիվանդների հաշվին, կրճատվել է նարկոմանիայով տառապող հիվանդների թիվը, որոնք դեղամիջոցներ են ստանում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարելու համար։ Ավելին, ինչ-որ փուլից պետությունն էլ պետք է գումար հատկացնի նշված ծրագրին, սակայն ոչ միայն չի տվել, այլեւ նախարարությունը որոշել է դա խնայել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը բավական թանկարժեք՝ ութ միլիոն դրամը գերազանցող ժամացույց ունի, ինչի մասին տեղեկանում ենք իր՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Բացի թանկարժեք ժամացույցը, Սանամյանի սեփականությունն է համարվում թվով հինգ անշարժ գույք՝ երկու հողամաս եւ մեկական բնակարան, ավտոտնակ եւ առանձնատուն: Որպես շարժական գույք է հայտարարագրել «MERCEDES–BENZ E 200» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 320 հազար ամերիկյան դոլար ու 71 միլիոն 500 հազար դրամ: Եկամուտները կազմել են 3 միլիոն 188 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է ինտենսիվ ստուգումներ են սկսվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ–ում (Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերություն), որի նախագահն է Արցախի հերոս Արկադի Տեր–Թադեւոսյանը (Կոմանդոս): Ստուգումներն իրականացնում է բանակի «սարսափ» (այսպես են բնութագրում նրան պաշտպանության նախարարությունում), ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի խումբը: Հայտնի է, որ Միքայել Հարությունյանը, իր լիազորությունների սահմանում, մշտապես անաչառ, նույնիսկ «անողոք» ստուգումներ է կատարում պաշտպանության նախարարությունում, բազմաթիվ բացահայտումներ անում (Հայկազ Բաղմանյան եւ այլք): Գրեթե համոզված ենք՝ Արկադի Իվանովիչի մոտ ամեն ինչ կարգին է, սակայն չկարողացանք պարզել, թե այդ ստուգումները հերթական պլանային ստուգումնե՞ր են, թե եկել են կոնկրետ «գործով»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները պատրաստվում է առաջիկայում կուսակցության խորհրդի նիստ հրավիրել եւ երկրի վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին: Նրանց մնում է միայն համոզել թեկնածուին կամ ստանալ թեկնածուի համաձայնությունը, քանի որ դեռեւս 4 տարի առաջ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: Բայց եթե ՀՀԿ խորհուրդը նման որոշում կայացրեց, Սարգսյանը կհայտնվի փակուղային վիճակում, որովհետեւ մի կողմից սեփական խոստումն է, մյուս կողմից՝ կուսակիցների որոշումը: Չնայած հանրային շահերը միշտ առաջնային են անձնականից»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրության համաձայն` ՀՀ-ում դատական համակարգի ղեկավար մարմինը լինելու է բարձրագույն դատական խորհուրդը: Այն փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհրդին, սակայն շատ ավելի ընդարձակ լիազորություններով: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ խորհրդում ընդգրկվելու համար դատական համակարգում լուրջ մրցակցություն է սկսվել: Առավել եւս, երբ այնտեղ տեղերը սահմանափակ են. խորհուրդը կազմված է լինելու 10 անդամից. 5-ը լինելու են դատավորներ, 5-ը՝ գիտնականներ:


Եվ երբ եկել է խորհուրդը ձեւավորելու հարցով քննարկումների ժամանակը, պարզվել է, որ ի սկզբանե բավական քիչ «տեղեր են հատկացվել»: Սա էլ դարձել է նախագահի օգնական Հրայր Ղուկասյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միջեւ թեժ վիճաբանության առարկա: Սահմանադրության այս դրույթը կարող է փոխվել միայն հանրաքվեի միջոցով, ինչն այս պահին գործնականում անհնար է: Եւ հիմա շատերը պետք է համակերպվեն խորհրդում տեղ չունենալու մտքի հետ»: