Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք, նման խիզախ քայլ կպահանջվի ևս մեկ անգամ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, The Wall Street Journal-ում գրում է Wachtell, Lipton, Rosen & Katz իրավաբանկան ընկերությունում փաստաբան Ռոբերտ Մորգենթաուն, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռն է:
Հեղինակը գրում է, որ համաշխարհային գերտերությունները գրեթե չեն դիմադրել կոտորածներին, իսկ ավելի ուշ Թուրքիայի ժխտումներն այն դարձրել են «մոռացված ցեղասպանություն»:
Թուրքիան դեռ հրաժարվում է առերեսվել իր պատմությանը: Ամերիկյան կառավարությունը նույնպես պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել հայերի կոտորածների փաստին: Ամերիկյան իշխանությունները տրվել են թուրքական ճնշումներին և հետևողականորեն չեն հաստատել մի պարզ փաստ. հայերի կոտորածները պատմության ընթացքում տեղի ունեցած մի դժբախտություն չէին, այլ համակարգային ցեղասպանություն:
Այդ քաղաքականությունը զարմանալի չի եղել՝ հաշվի առնելով դիվանագետների զգուշավոր և հավասարակշիռ էությունը: Բայց նախագահ Թրամփը, Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք, կարծես նոր ժամանակաշրջան է ազդարարում: Այժմ վերջապես Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքականությունը համապատասխանում է իր սկզբունքներին և պատմական փաստին: Ինչպես նշում է հեղինակը, դա իրեն լավատեսություն է ներշնչում, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել նաև Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը:
Հեղինակը նշում է, որ պատմական իրադարձություններն իր համար չեն սահմանափակվում միայն պատմության գրքերով: Իր պապը՝ Հենրի Մորգենթաուն, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանն էր, երբ սարսափելի իրադարձությունները սկսում էին զարգանալ:
«Նա շատ արագ հասկացավ, որ դա այնպիսի մասշտաբների կոտորած էր, որ ժամանակակից աշխարհը դեռ չէր տեսել: Նա հայտնեց իր բողոքը Թուրքիայի առաջնորդներին, որոնք պատասխանեցին, որ հայերն Ամերիկայի քաղաքացիներ չեն և հետևաբար՝ դեսպանի խնդիրը չէ: Բացի այդ, նրանք ասացին, որ դեսպան Մորգենթաուն հրեա է, իսկ հայերը՝ քրիստոնյա»,- գրում է հեղինակը:
Թուրքերն անգամ սպառնում էին ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ նրան հետ կանչելու համար: Դրան հեղինակի պապը պատասխանել է. «Ես ավելի մեծ պատիվ չեմ կարող պատկերացնել, քան հետկանչը, որովհետև ես, որպես հրեա, ինձնից կախված ամենն արել եմ հարյուր հազարավոր քրիստոնյաների կյանքը փրկելու համար»:
Թուրքերը հրաժարվեցին փոխել իրենց քաղաքականությունը, և Մորգենթաուն դիմեց իր երկրին: Նա Վաշինգտոն դիվանագիտական հեռագիր ուղարկեց, որում գրված էր. «Ռասայական ոչնչացում է իրականացվում»: Առաջին համաշխարհային պատերազմով մտահոգ ԱՄՆ պետքարտուղարությունն անտարբերությամբ արձագանքեց, և ի վերջո հեղինակի պապը որոշեց դիմել աշխարհի «խղճին»:
Հեղինակը պատմում է, թե ինչպես է իր պապն օգնել վերապրած հայերին ԱՄՆ-ում վերաբնակեցման մեծ արշավի ընթացքում՝ պատմելով իր երեխաներին և թոռներին պատմությունը, որին ականատես էր եղել: Նրա քաղած դասը հստակ էր՝ երբ սկզբունքը ստորադասվում է նպատակահարմարությանը, անխուսափելի հետևանքը ողբերգությունն է, և այդ մարգարեությունը տեղի ունեցավ, երբ Հիտլերը ներխուժեց Լեհաստան՝ քաջալերվելով նրանից, որ աշխարհը մոռացել է հայերի մասին: Վաղուց ժամանակն է, որ Ամերիկան դուրս գա այդ մոռացությունից, գրում է հեղինակը:
Հոդվածագիրը նշում է, որ ամեն ապրիլ ԱՄՆ նախագահների հայտարարությունները երբեք չեն պարունակել «ցեղասպանություն» բառը՝ հավելելով, որ դա պետք է փոխվի:
«Ես չեմ թերագնահատում նրանց մտահոգությունները, ովքեր ասում են, որ Թուրքիայի զայրույթը կարող է ԱՄՆ-ի շահերի դեմ աշխատել, ինչպես որ ընդունում եմ նրանց, ովքեր ասում են, որ Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելը կարող է բարդություններ առաջացնել խաղաղության շուրջ բանակցությունների համար: Բայց արդար և կայուն աշխարհի կարգը չի կարող կառուցվել ստի և խուսափողականության վրա: Թող նախագահ Թրամփը ևս մեկ անգամ ցույց տա այդ հանձնառությունը՝ հայտարարելով Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: Դա հստակ ուղերձ կհղի ամբողջ աշխարհում իշխանության մեջ գտնվող ավազակներին. ձեր հանցավոր գործողություններն աննկատ չեն մնա»,- եզրափակել է նա:
Թարգմանությունը՝ tert.am-ի: