Հայաստանի նախագահ, իշխող ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի անունը կհայտարարի այսօր՝ հունվարի 19-ին: Այս մասին երեկ՝ հունվարի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ավելի վաղ Շարմազանովը հայտարարել էր, որ շուտով ՀՀԿ-ում սկսելու են քննարկել այդ հարցը եւ կառաջադրեն իշխող կուսակցության թեկնածուին, ում խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին պետք է ընտրի երկրի նախագահի պաշտոնում: Այս իրադարձությամբ էլ կավարտվի 2016 թ-ի դեկտեմբերից սահամադրական փոփոխություններով սկիզբ առած Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցման շրջափուլը: Ըստ նոր սահմանադրության, նախագահին ընտրում է Ազգային ժողովը՝ յոթ տարի ժամկետով։ Նա չի ունենա առաջնային մանդատ ու իրական իշխանություն, այլ կկատարի միայն ներկայացուցչական գործառույթներ:
Այժմ արդեն ՀՀԿ-ում ոչ միայն քննարկել, այլեւ որոշել են իշխող կուսակցության նախագահի թեկնածուին, ինչի մասին հայտնեց լրագրողներին Շարմազանովը:
«Մարտի սկզբին Ազգային ժողովը ընտրելու է չորրորդ նախագահին, որն ունենալու է ներկայացուցչական գործառույթ, պետության գլխի գործառույթ։ Մենք քննարկել ենք մի թեկնածուի հարց։ Այդ թեկնածուն, կարծում ենք լավագույնս կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը աշխարհում։ Ունի երկար աշխատանքային փորձ, մտավոր կարողություններ, դրական հեղինակություն Սփյուռքում եւ Հայաստանում»,- ասել է Շարմազանովը՝ նշելով, թե թեկնածուն այն անձն է, որի շուրջ հնարավոր է հասնել լայն համագործակցության։
Նա տեղեկացրել է, որ նախագահի թեկնածուին առաջադրել է Սերժ Սարգսյանը, իսկ գործադիր մարմնի բոլոր անդամները քննարկել են եւ կողմ են արտահայտվել այդ թեկնածուի առաջադրմանը: Շարմազանովը, սակայն չի հայտնել ՀՀԿ-ի թեկնածուի անունը: Այն կանի Սերժ Սարգսյանն այսօր:
«Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի մեր թեկնածուին մեր կողմից առաջադրել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում։ Անունը կիմանաք, վաղը, մի գիշեր էլ սպասեք»,- նշել է նա՝ հավելելով, որ որեւէ սենսացիոն բան չկա, այն թեկնածուն է, որի մասին շատերը խոսել են, ունի լուրջ ծառայություններ Հայաստանի առջեւ:
Շարմազանովը հուսով է, որ իրենց թեկնածուն այն անձն է, որը կարող է հավակնել ընդդիմության առնվազն մի հատվածի դրական վերաբերմունքին։
Խորհրդարանական ընդդիմությունից «Ելք» դաշինքի խմբակցությունը եւս առաջադրել է նախագահի իր թեկնածուին: Այն խմբակցության անդամ, պատգամավոր, հայտնի իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն է: Սակայն նրա անգամ առաջադրման շանսերն են հարցականի տակ, քանի որ, ըստ Սահամադրության, դրա համար անհրաժեշտ է պատգամավորների առնվազն 1/4-ի աջակցությունը: Իսկ 105 պատգամավոր ունեցող ԱԺ-ում «Ելք» դաշինքն իր խմբակցության 9 անդամներով այդ հարցը չի կարող լուծել:
Անհրաժեշտ է առնվազն իրեն ընդդիմություն հռչակած «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը, որն ունի 31 պատգամավոր ԱԺ-ում: Սակայն վերջերս այդ քաղաքական միավորի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չբացառեց, որ կսատարեն Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուին:
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին կուսակցապետը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է, բայց «այսօր մենք չգիտենք, թե թեկնածուն ով է»: «Ժողովուրդը իրավունք է տվել Հանրապետական կուսակցությանը առանց մեզ որոշում կայացնելու, ներկացնելու և ընտրելու, ինչի՞ մասին է խոսքը»,- մասնավորապես ասաց նա:
Հատկանշական է, որ օրեր առաջ մի խումբ մտավորականների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է, թե, ըստ նրա, ինչ չափորոշիչների պետք է համապատասխանի հանրապետության հաջորդ նախագահը:
Սերժ Սարգսյանի կարծիքով խոսքը մի մարդու, մի անհատի մասին է, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների և ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:
Վերջին օրերի ինտրիգը ՀՀ ապագա նախագահի թեկնածուի շուրջ է: Մամուլում մի շարք անուններ են առաջ քաշվում: Դրանք են` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյան, անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան: Նախկինում շրջանառության մեջ դրված Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի անունը այս ցանկից դուրս եկավ այն բանից հետո, երբ Հարությունյանն ասաց, որ չի ցանկանում լինել ՀՀ նախագահ:
Եվ, վերջապես, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյան: Մտավորականության հետ հանդիպմանը հնչեցրած չափորոշիչներին պարոն Սարգսյանը համապատասխանում է ամբողջությամբ` տիրապետում է օտար լեզուների, ընդունելի և ներկայանալի է սփյուռքում, քաղաքականությամբ գերթե չի զբաղվել, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ 1996-1997թթ-ին եղել է ՀՀ վարչապետ, բայց արդեն 1998-1999 վերանշանակվել ՄԹ-ում Հայաստանի դեսպան: Նրա վերջին վերանշանակումը այդ դիվանագիտական աշխատանքին եղել է 2013 թվականին: