23.11.2024
Արցախում 20-ամյա զինծառայող է զոհվել
prev Նախորդ նորություն

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» հաշվեկշռում է նաև 5 ԱԹՍ

Կոտայքի մարզի Գետարգել գյուղում գտնվող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում» այսօր մեկնարկում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներից ձեւավորված անօդաչու թռչող սարքավորումների մասնագիտացված խմբի ավարտական դասընթացը: Մեկ ամիս անց խումբը կսկսի աշխատել:


Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով, ողջ աշխարհում անօդաչու թռչող սարքերն ու տիեզերական տեխնոլոգիաները օգտագործվում են ոչ միայն ռազմական, այլ նաեւ քաղաքացիական՝ խաղաղ նպատակներով գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գիտահետազոտական աշխատանքների համար: Անօդաչու թռչող սարքերը՝ ԱԹՍ, գրեթե անփոխարինելի են մեծ մակերեսով աղետների ժամանակ՝ ջրհեղեղ, սողանք, երկրաշարժ եւ այլն, տեղանքի ուսումնասիրության համար: Հատկապես կարեւոր է ԱԹՍ-ների օգնությամբ գիտահետազոտական ուսումնասիրություններ կատարելու եւ տեղանքի երկրատարածական քարտեզը կազմելու հնարավորությունը: Շատ տեղանքներ մարդուն հասանելի չեն կամ ռիսկային են, իսկ ԱԹՍ-ն կարող է աշխատել վտանգավոր միջավայրում, չափել օդի աղտոտվածության մակարդակը, իրական ժամանակում տեղեկություններ հավաքել-հաղորդել եւ այլն: Այս մասին գրում է ԱԻՆ-ի Արտակարգ թերթը:


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը իր խնդիրները լուծելու համար ԱԹՍ-ներ օգտագործելու փորձ ունի: Օրինակ 2017 թվականի գարնանը անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուսումնասիրվեցին Սյունիքի մարզի Կապան քաղաքի սելավավտանգ հատվածները: Օգնության հասան Հայաստանի պաշտպանության նախարարության Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները:


Արտակարգ իրավիճակների նախարարությունում անօդաչու թռչող սարքավորումների մասնագիտացված խումբը ձեւավորվել է 2015 թվականին ու մինչ օրս վերապատրաստման եւ որակի բարձրացման բազմաթիվ դասընթացներ անցել: «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տնօրեն Պավել Գյոզալյանի խոսքով, այսօր կենտրոնն ունի ռուսական արտադրության RAL –X4F անօդաչու 5 թռչող սարք եւ մասնագիտացված խմբի վերջին դասընթացը գործնական բաղադրիչ էլ կունենա, իսկ ավարտից հետո խումբը ունակ կլինի աղետների ժամանակ ԱԹՍ-ների օգնությամբ հետախուզություն իրականացնել Հայաստանի ցանկացած մարզում՝ ապահովելով հետախուզության անխափանությունն ու տեղեկությունների ստացումը իրական ժամանակում: Առայժմ միակ խմբում չորս մասնագետ կա, երկուսը կհամալրեն «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» անձնակազմը, երկուսը՝ «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» անձնակազմը:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: